Պաշտպանական ծախսերը սկսած 2023 թվականից էապես աճել են, ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«2023, 2024, 2025 և արդեն նախատեսվող 2026 թվականներին իրականացվել են և իրականացվելու են աննախադեպ ծախսեր։ Այս ծախսերը փոխել են մեր հնարավորությունները, խոսքը վերաբերում է և՛ բանակի կարիքների, և՛ զինծառայողների սոցիալական վիճակի, և՛ բազմաթիվ այլ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեքբերման հարցերին։
Այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, հնարավոր է եղել մեր կառավարության հատկացրած զգալի միջոցների հաշվին։
Այն, որ 2025 և 2026 թվականների միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում հստակ բալանս կա։ Երբ համեմատենք 2024 թվականի պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն և 2026 թվականի համար նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավական նորմալ աճ է նկատվում 2023, 2024 և 2026 թվականների միջև»,-ասաց Պապիկյանը։
Նա նշեց, թե իրական դիսբալանսը տեղի է ունեցել 2025 թվականին՝ հօգուտ պաշտպանության նախարարության։
«Տվյալ պահին ելնելով տարածաշրջանային զարգացումներից, մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025 թվականին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այս «խզվածքը», որն արտասովոր բան չէ, այլ բնական բան, որն արել է ադեկվատ կառավարությունը»։
Պաշտպանության նախարարը նաև դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով խմբեր կազմել և ծանոթանալ ձեռքբերված սպառազինության միջոցներին.
«Եթե մեր քաղաքացիները ծանոթացել են վարչապետի հայտարարությանը, ապա նրանք կարող են կազմել խմբեր, և այդ խմբին կարող ենք ծանոթացնել ինչպես տեղական, այպես էլ ձեռքբերված սպառազինության միջոցներին»։










