Մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են. ֆինանսների նախարար


Մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են. ֆինանսների նախարար
Նոյեմբեր 12 11:17 2025

Կառավարության աշխատանքի իրական արդյունքը ոչ թե նրանց ընտանիքների բարեկեցությունն է, այլ բյուջեի եկամուտների ավելացումը, հայաստանցիների բարեկեցության բարձրացումը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ նիստում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը:

«Այն մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը: 2026թ բյուջեով ամփոփում ենք այն առաջնահերթությունները, որոնք սահմանել էինք կառավարության ծրագրով՝ միաժամանակ հայացք ուղղելով դեպի առաջ՝ դեպի խաղաղության և զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիների ընթացքում»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Նա շեշտեց՝ բյուջեն պետք է լինի ճկուն և կարողանա արագորեն արձագանքել արագ փոխվող աշխարհին: Նախարարը նկատեց, որ այսօր արհեստական բանականությունը փոխում է աշխարհի բնույթը և անգամ տնտեսությունների կառուցվածքը՝ կարևորելով այս և այլ գործոնների հաշվին ձևավորված նոր իրականության հետ համընթաց քայլելը:

«Երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում: Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից և փոխվելու արագությունից: Հետևաբար՝ ապագան արդեն այսօր է: Եվ հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները, այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը: Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին՝ ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել, այլ որովհետև այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից»,-ասաց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ կառավարության որոշումների առանցքում ՀՀ-ն է և այստեղ ապրող մարդը: Այս տրամաբանությամբ արվարձան կամ պերիֆերիա ասվածն այլևս գոյություն չունի: Ողջ Հայաստանի Հանրապետությունը կենտրոն է: 

Նախարարը խոսեց իրականացված հսկայական ներդրումների մասին՝ հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով: 

«Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են: Եվ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ նույնն է, թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը»,-շեշտեց Վահե Հովհաննիսյանը: