ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Բանակում ատեստացիայի արդյունքում հավելյալ գումարներ ստացող զինծառայողների վերաբերյալ օրեր առաջ պաշտպանության նախարարը ցուցանիշներ էր ներկայացրել, որտեղ երևում էր, թե շարքային անձնակազմի պայմանագրայիններն, ըստ գնահատականների, որքան աշխատավարձ են ստանում:
Ներկայացված անձնակազմի ճնշող մեծամասնությունը ենթադրաբար մարտական հերթապահություն կրող անձնակազմն էր:
Ըստ ՊՆ-ի, ատեստացիայի արդյունքում 3513 շարքային-պայմանագրայիններ տարբեր չափի հավելավճարներ են ստանում:
Ճի՛շտ է, զինված ուժերի ընդհանուր թիվը հույժ գաղտնի տեղեկություն է, սակայն մարտական հերթապահության զորամասերի, Ադրբեջանի հետ մեր ունեցած առաջնագծի երկարության մասին նույնիսկ նվազագույն պատկերացումներ ունեցող մարդիկ հասկանում են չէ՞, թե բանակի շարքային-պայմանագրայինների հաստիքացուցակում ինչպիսի փոքր տոկոս է կազմելու 3513 թիվը:
Այս համատեքստում, բնականաբար, չի ասվում, որ զորքերում շարքային-պայմանագրայինների աշխատավարձը սկսվում է 120-130 հզ. դրամից:
Նաև հիշեցնեմ, որ մոտավոր գնահատականներով, ԶՈւ անձնակազմի կեսը կամ նույնիսկ դրանից ավելին, տարբեր պատճառներով ատեստացիա հանձնելու հնարավորություն չունեն, իսկ ատեստացիայի քննություններին մասնակցողների 40%-ից ավելին դրա նվազագույն շեմը չի հաղթահարում:
Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը:
ՀԳ. Ատեստացիայի համակարգի բարելավման և զորքերի մարտական պատրաստության վիճակի բարձրացման հարցն առանձին քննարկման թեմա է, որին բազմիցս անդրադարձել եմ ու դեռ կխոսեմ»:










