«Ավտոն քշում էր երեխու վրեն»․ գիշերելու ու մի փոր հացի դիմաց մորն ու որդուն շահագործել են (Տեսանյութ)


«Ավտոն քշում էր երեխու վրեն»․ գիշերելու ու մի փոր հացի դիմաց մորն ու որդուն շահագործել են (Տեսանյութ)
Նոյեմբեր 10 14:17 2025

Սենյակի լռության մեջ փոքրիկ տնակը սևացնող մատիտի շրշյունն է միայն լսվում։ 36-ամյա Արմինեն (անունը փոխված է) նկարում է այն տնակը, որտեղ ամիսներ է անցկացրել որդու հետ։ Նա աշխատանքային շահագործման հերթական զոհն է։ 

Տրված հարցերի մի մասին պարզապես կարճ էր պատասխանում` «Չեմ հիշում»։ Լցված աչքերով, բայց ժպտալով ակնդետ աչքերիս մեջ էր նայում ու լռում․ տպավորություն էր, որ ուզում է ինչ-որ բան ասել, ներսի ցավը ցույց տալ, բայց չի կարողանում։ Արմինեն հոգեկան առողջության խնդիրներ ունի։

 

Աղավնաձորի ֆերմաներից մեկում աշխատելու առաջարկ հենց ֆերմայի տիրոջից՝ Հայկուշից էր ստացել։ Մինչ այդ Արմինեն լիմոնադի ցեխում էր աշխատում, պիտակներ փակցնում ու օրական 1000-2000 դրամ վաստակում, իսկ ֆերմայում աշխատելու ու ապրելու առաջարկը չէր մերժել, որովհետև նաև գիշերելու տեղով էին ապահովելու, իսկ իրենց փոքրիկ տանը, որտեղ մոր ու 10 տարեկան որդու հետ էր ապրում, քնելու տեղ չունեին։ Համաձայնել է։

 

«Մտածում էի լավ փող կտան, հետն էլ քնելու տեղ կունենանք, բայց փողի մասին չենք խոսացել։ Չեն ասել ինչքան կտան։ Հետո ասեցին պանիր կտանք փողի տեղ, բայց էդ էլ չտվեցին, բայց ուտելիք տալիս էին», - երկար դադարներով ու կարճ նախադասություններով պատասխանում է Արմինեն։

 

Ֆերմայի տերը, օգտվելով Արմինեի ունեցած հոգեկան առողջության խնդիրներից ու ինքնապաշտպանության բացակայությունից, աշխատացրել է՝ առանց վճարելու ու սա էլ դեռ բավական չէ, նաև Արմինեի ստացած հաշմանդամության 36 000 դրամ թոշակն են վերցրել, որ մեքենայի մեջ գազ լցնեն ու Արմինեին Եղեգնաձորի իրենց տուն տեղափոխեն՝ տները մաքրելու համար, մինչդեռ ֆերմայում էլ Արմինեի գոծերը քիչ չէին։

 

«Առավոտը դեռ լույսը չբացված Հայկուշը գոռալով ձեն էր տալիս, որ կովերը կթենք։ Կթում էինք, կաթը հանձնում էինք, հետո տանում էինք սարը բրախում, վերջում էլ հավաքում ու հետ բերում։ Գոմերն էի մաքրում, ամանները լվանում», - պատմում է նա։

 

Արմինեի նկատմամբ ֆերմայում բռնություն չի եղել, համենայնդեպս Արմինեն այդպիսի դրվագներ չի հիշում, փոխարենը որդու նկատմամբ վատ վերաբերմունքն է ծանր տարել, բայց էլի չի կարողացել լիարժեք պաշտպանել որդուն։

 

«Երեխեն վախում էր, ասում էր՝ ոտերիս տակ կառնեմ, ավտոն քշում էր վրեն, որ վազելով գնա կովերին բերի։ Երեխես էլ վազելով գնում էր», - ասում է Արմինեն։

 

Ֆերմա տեղափոխվել էին ամառային արձակուրդներին։ Երեխայի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունքն ու բռնությունը պատճառ են դարձել, որ ֆերմայից փախնելու փորձ անեն։ Ասում է, որդու հետ մի անգամ փախել են, բայց մոլորվել են սարերում ու ստիպված նորից հետ վերադարձել։ Դրանից հետո Հայկուշն իրենց հետ նույն դոմիկում էր քնում, որ նորից չփախնեն։

 

«Դոմիկը վատն էր, մի հատ սեղան էր ու կառավաթ, բայց մամայիս տանը էդ քնելու տեղն էլ չկար։ Դոմիկում սկի զուգարան չկար, ծառների տակն էինք գնում», - ասում է Արմինեն։

 

Արմինեն նաև բռնաբարության զոհ էր դարձել, ինչի հետևանքով 2-րդ երեխային էր սպասում ու ֆերմայում հղիության վերջին ամիսներին է հայտնվել։ Անգամ հղիությունը տերերի խիղճը չի արթնացրել, բայց դեռ չծնված երեխան դարձել է փրկության պատճառը։ Երբ Արմինեի ցավերը սկսվել են, շտապօգնություն են կանչել ու նրան հիվանդանոց տեղափոխել։ Արմինեն շատ բան չի հիշում, բայց հիվանդանոցից 2 երեխաները տեղափոխվել են մանկական խնամքի կենտրոններ, իսկ Հայկուշի մայրը եկել է Արմինեի հետևից, նրան դուրս գրել ու նորից ֆերմա վերադարձրել, մինչև որ ոստիկաններն են գնացել նրա հետևից ու դուրս բերել։

Արմինեն հիմա տղաներից հեռու է ապրում։ Երեխաները տարբեր խնամքի կենտրոններում են, ինքը՝ թրաֆիքինգի ենթարկված անձանց համար նախատեսված կացարանում, արդեն 2 տարի, չնայած նրան, որ կացարանում մնալու առավելագույն ժամկետը մեկ տարին է, բայց գնալու տեղ չունի։ Թույլ է նաև ինքնախնամքն ու ինքնասպասարկումը։ Արմինեի հետ մասնագետներն են աշխատում։

 

«Դիմել ենք «Ձորակ» շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն իրեն այնտեղ տեղափոխելու համար, սպասում ենք պատասխանի», - ասում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցաշխատող Լինա Անտոնյանը։

 

Aysor․am-ը կապ հաստատեց նաև ֆերմայի սեփականատիրոջ՝ Հ․ Ա․-ի հետ։ Վերջինս հերքեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։ Ասաց՝ Արմինեին ոչ միայն չի աշխատացրել, այլ որպես «անտեր» մնալու տեղ է տվել, իր հետ մեքենայով ման է տվել, սնունդ, հագուստ ու նույնիսկ աշխատավարձ է տվել, բայց Արմինեն ունի մտավոր խնդիրներ ու չի հիշում երևի։ 

 

Նշենք, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ (մարդու թրաֆիքինգ կամ շահագործում) և 189-րդ (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգ կամ շահագործում) հոդվածներով։ Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։