Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանի կարգապահական հարցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, որոշում, սակայն, դեռ չկա։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնախումբը դեռ որոշում չի կայացրել։
«Երբ որոշում լինի՝ կտեղեկացնենք»,- նշեց Տեր Եսային։
Նոյեմբերի 3-ից Տեր Թադեի ու նախկին հոգևորական Տեր Տարոնի՝ Վարդան Հունանյանի հարցը օրակարգում էր, երեկ Տեր Տարոնը կարգալույծ հռչակվեց, իսկ Տեր Թադեի մասով որոշումն ուշանում է։
Այս կիրակի Տեր Թադեն Թալինի եկեղեցում պատարագ է մատուցելու, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հետաքրքրական է՝ մինչև պատարագը Տեր Թադեն կարգալույծ կհռչակվի՞, թե՞ պատարագից հետո։
Հիշեցնենք՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին։
Տեր Թադեն նշել էր, թե, իբր, եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։
Նա նաև մասնակցել էր Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված կեղծ պատարագին։










