Մենք Մայր աթոռի բոլոր որոշումներն ընդունում և հարգում ենք, իսկ Արագածոտնի թեմում տիրում է եղբայրական, սիրո մթնոլորտ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է տեր Փառեն քահանան։
«Ե՛վ ժողովուրդը, և՛ մենք՝ հոգևորականներս, եղբայրական սիրո վրա հիմնված, շարունակում ենք մենք մեր հոգևոր ծառայությունը և սպասում ենք, որ այդ հոգևոր ծառայությանը կմիանան մեր հոգևոր հայրերը և եղբայրները, ովքեր այսօր անազատության մեջ են։
Մենք միշտ ասում ենք` բոլորն էլ մեր հավատացյալներն են, մեր զավակները՝ եղբայրներն ու քույրերն են ի Քրիստոս։ Մենք չենք ատում ոչ մեկին, որովհետև եկեղեցին ոչ թե ատում, մերժում է մեղավորին, այլ ատում և մերժում է մեղքը։ Մենք խնդրում ենք այն մարդկանց, ովքեր այս ընթացքում փոթորկվել են և փնտրտուքի մեջ են ու չգիտեն՝ պատարագի գնան, թե չգնան, ասում ենք, որ եկեղեցու դռները բաց են ձեզ համար, ամեն տեղ պատարագներ մատուցվում են, գնացեք պատարագների և աղոթեք ամբողջ ազգի համար, ամբողջ աշխարհի համար»։
Նշենք, որ այսօր Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք է հնչել հայ ժողովրդի, ապօրինի ազատազրկված հոգևորականների և մյուս ազատազրկվածների համար։ Հաջորդ հիգշաբթի միասնական աղոթքը և ժամերգությունը կկայանան Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում։










