Ներսից պայթյունի ձայներ լսեցինք, դրսում գոռում էին՝ տղաները մնացել են տան մեջ, օգնեք փրկենք. Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքով վկա


Ներսից պայթյունի ձայներ լսեցինք, դրսում գոռում էին՝ տղաները մնացել են տան մեջ, օգնեք փրկենք. Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքով վկա
Հոկտեմբեր 31 17:10 2025

«Ժամապահ էի, ձայներ եմ լսել, առացաջել եմ ու տեսել հրդեհ։ Ղանդիլյան Արտյոմի հետ շտապելով գնացել ենք, փորձել ենք առաջին օգնություն ցուցաբերել,  չենք կարողացել, հրդեհը շատ ահավոր էր»,- Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստի ժամանակ պատմեց վկա, պայմանագրային զինծառայող Գևորգ Գասպարյանը։ Նա նախ ասաց, որ հրդեհված կացարանից 500 մետր հեռավորության վրա են եղել։

Նա նշեց, երբ հասել են, կացարանի տանիքն արդեն նստած է եղել. «Փորձել ենք մոտենալ հրդեհին, որպեսզի մուտք բացենք, զինվորները դուրս գան, բայց չենք կարողացել մոտենալ, քանի որ հրդեհը շատ ուժեղ էր։ Ներսից պայթյունի ձայներ լսեցինք։ Նման էր զենք-զինամթերքի պայթյունի։ 

Մենք գնացել ենք, հասել ենք, նոր եկել են ռազմական ոստիկանության, ԱԻն աշխատակիցները։ Կոնկրետ դեպքի վայրում մինչև վերջ չենք եղել, տղաներին չենք  տեսել»,- ասաց վկան։

Նա նշեց, որ շփումներ եղել են  տղաների հետ դիրքերում  ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Հրդեհված կացարանում երբևէ չի եղել։

Հարցին՝ ի՞նչ է լսել հրհեի պատճառների  մասին, Գևորգ Գասպարյանն ասաց. «Վառարանն ուզել են վառել, բենզինը շպրտրվել է, վառվել է։ Նման խոսակցություն եմ լսել։ Ինձ հետաքրքիր չի եղել, ծառայության մեջ եմ եղել»։ 

Հարցին՝ 15 զինծառայող է զոհվել, ձեզ հետաքրքիր չի՞ եղել ինչի հետևանքով է հրդեհ բռնկվել, նա ասաց. «Ցավում եմ 15 զինծառայողի զոհվելի կապակցությամբ։ Դա եմ իմացել՝ բենզինի թեժ վառվելու պատճառով է եղել։ Մնացածը չգիտեմ։ Ժողովուրդն էր այդպես խոսում»։ 

Հարցին՝ մինչև հրշրեջների գալը, երբ հասել են այնտեղ, ողջ մնացած զինվորների վարքագիծն ինչպիսի՞ն էին, ի՞նչ էին անում,  Գ.Գասպարյանը պատասխանեց. «Ուշադիր չեմ եղել, հոգեվիճակս ծանր է եղել։ Գոռում էին, որ տղաները մնացել են տան մեջ, օգնեք փրկենք»։ 

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում  տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: