Շղթայական ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա


Շղթայական ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա
Հոկտեմբեր 25 22:00 2025

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են 35-ամյա Վահագն Ե․-ի վարած «Toyota» մակնիշի, 49-ամյա Արայիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 19-ամյա Արմեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով օտարերկրացի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նորայր Սարգսյանը և կրտսեր պարեկ Զոհրաբ Պետրոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյան  և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր մոտոցիկլավարի ինքնությունը։