Յունիբանկը կթողարկի քարտեր՝ երեխաների ստեղծած դիզայնով


Յունիբանկը կթողարկի քարտեր՝ երեխաների ստեղծած դիզայնով
Հոկտեմբեր 21 18:58 2025

Յունիբանկի մանկական քարտերը շուտով կթողարկվեն նոր դիզայնով` երեխաների ստեղծագործությունների մոտիվներով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը բանկն ամփոփեց «Իմ քարտը՝ իմ դիզայնով» ստեղծագործական մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին երկու տարիքային խմբերի երեխաներ:

Պատանի նկարիչները ներկայացրել էին մանկական բանկային քարտի ձևավորման իրենց օրիգինալ գաղափարները: Մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ երկու հաղթողները՝ նաև դրամական մրցանակներ: Լավագույն նկարները կդառնան Յունիբանկի մանկական քարտերի նոր շարքի դիզայնի հիմք:

Յունիբանկի Visa մանկական քարտը թողարկվում է 6-13 տարեկանների համար: Այն հնարավորություն է տալիս կատարել վճարումներ, այդ թվում՝ Apple Pay-ի և Google Pay-ի միջոցով, փոխանցումներ և այլ գործարքներ: Քարտն անվճար է թողարկվում, ձևակերպել կարող է ծնողներից մեկը: Սպասարկումն առաջին տարին ևս տրամադրվում է անվճար։ Քարտի հետ մեկտեղ՝ փոքրիկ հաճախորդներին տրամադրվում է նաև UNIMobile մոբայլ հավելվածը:

Սեփական քարտ ունենալով՝ երեխաները կարող են անել առաջին քայլերը ֆինանսական աշխարհում, սովորել կառավարել դրամական հոսքերն ու ձեռք բերել ֆինանսական գրագիտության հմտություններ: Ծնողները կարող են վստահ լինել, որ բոլոր գործարքները գտնվում են հսկողության տակ. Նրանք կարող են հետևել երեխայի ծախսերին և ստանալ ծանուցում յուրաքանչյուր գործարքի մասին: Իսկ անհրաժեշտության դեպքում հաշված վայրկյանների ընթացքում նրանք կարող են գումար փոխանցել մանկական քարտին, եթե երեխային շտապ գումար է հարկավոր: