Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում․ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում


Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում․ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում
Հոկտեմբեր 11 21:50 2025
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ, շարունակում են ինտենսիվ հրդեհաշիջման գործողությունները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 2 հա տարածքում։
 
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
 
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողները արդյունավետ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: 
 
Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, իսկ ծխի ծավալը նվազել է: 
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 10 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ․ ընդհանուր 77 փրկարար ծառայողներ, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։ 
 
Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում: 
 
Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։
 
Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են:
 
Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները, կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը։