Առողջապահական ապահովագրության մասին օրենքի նախագիծը դեռ ԱԺ էլ չի մտել, սակայն նախարարարն արդեն թվեր է հայտնում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս կերպ ընտրություններից առաջ փորձում են մանիպուլացնել ժողովրդին.«Հայտարարել են, թե պետությունը սուբսիդավորելու է 0-18 տարեկանների, հաշմանդամություն ունեցողների, 65+ տարիքի անձանց ապահովագրական վճարները։ Սակայն, հիշեցնենք, որ նախկինում էլ 0-18 տարեկաններն օգտվում էին պետպատվերից, իսկ 65+ անձանց մեծամասնությունը հաշմանդամություն ունեցողներ են, որոնք նույնպես պետպատվերից էին օգվում։ Ստացվում է՝ այս ապահովագրական համակարգը շատ քիչ նոր մարդու է վերաբերում։ Նախորդ անգամ ապահովագրական վճարի այլ թիվ էին հայտարարել, հիմա հայտարարում են 129.600 դրամ։ Ասել, որ սա պատմական որոշում է՝ սխալ է։ Պարզապես պետպատվերի անունը փոխել են, դրել են ապահովագրություն, որի համար ՀՀ աշխատող քաղաքացիներն առ այսօր չէին մուծում, հիմա պետք է վճարեն»։
Հաջորդ ամենամեծ խնդիրը, Պողոսյանի պնդմամբ, վերաբերում է արտահիվանդանոցային առողջապահությանը.«Քանի որ ապահովագրության պարտադիր պահանջ է դառնալու պարտադիր բժշկի այցը, մենք ռեսուրսների լուրջ խնդիր ենք ունենալու։ Այսօր, օրինակ, գյուղական մի պոլիկլինիկայում սպասարկում է մեկ ընտանեկան բժիշկ։ Մեզ մոտ 6000-ից ավել նման գյուղեր կան, ինչպես նաև շատ տեղերում մի բժիշկը սպասարկում է մի քանի գյուղ։ Հիմա, եթե բժշկի այցը դարձավ պարտադիր, ապա ինչպե՞ս է այդ ծավալի բնակչությանն այդ մեկ բժիշկը սպասարկելու։
Այսպիսի շատ խնդիրներ կան, որոնք պետք է ճիշտ գույքագրվեին, նոր նմանատիպ հայտարարություններ արվեն»։
Անուշ Պողոսյանի գնահատմամբ՝ այս ամենը նախընտրական հայտարարություններ են.«Բազմիցս ասել եմ, որ ՔՊ-ն անցած ընտրություններին խոսք տվեց, որ պետք է ունենան ապահովագրություն՝ չունեցավ, հիմա շատ արագ դա կազմակերպում են՝ գալիք ընտրություններին ընդառաջ։ Ի՞նչ կունենանք․ ունենալու ենք քաոս, որովհետև բազմաթիվ են խնդիրները»։
Մասնագետի խոսքով՝ նորմալ ապահովագրություն ունեցող երկրներում տարվա մեջ շուրջ 2000 չափորոշիչ ու գործիքակազմ է ստեղծվում, որպեսզի համակարգը կայանա։ ՀՀ-ում, իմ նախորդ հաշվարկներով, առ այսօր ստեղծված են մոտ 300 չափորոշիչ և գործելակարգ.«Ինչպե՞ս են իրենք այդ իրավակարգով մտնելու ապահովագրական համակարգ՝ դա չեմ պատկերացնում»։