Թոշակառուների կեսի թոշակն է բարձրանալու․ Տնտեսագետ


Թոշակառուների կեսի թոշակն է բարձրանալու․ Տնտեսագետ
Հոկտեմբեր 6 13:15 2025

Օրերս ԱԺ-ում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից թոշակների, նպաստների հետվճարի սահմանաչափերը վերանայվելու են՝ գործող 12 տոկոսի փոխարեն այն սահմանվելու է 20 տոկոս։

 

«Վերջին շրջանում կատարված փոփոխություններով ՀՀ կառավարությունն առաջարկում է թոշակառուներին, նպաստառուներին, որ իրենց թոշակներն ու նպաստները ծախսեն անկանխիկ եղանակով՝ դրա դիմաց ստանալով մինչև 12 տոկոս հետվճար, սակայն ոչ ավելի, քան 6000 դրամը։ Հիմա նոր փոփոխություններով հետվճարի չափը առաջարկում են հասցնել 20 տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 10 հազար դրամը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

 

Պապիկյանը նկատում է՝ վերջին շրջանում կառավարությունը թոշակների բարձրացումն առաջարկում է հետվերադարձի սխեմայով, որը, ըստ նրա, ճիշտ չէ, քանի որ կենսաթոշակի համակարգը չպետք է նպատակաուղղված լինի ստվերի կրճատմանը կամ բանկային համակարգի համար երկարաժամկետ շրջանառություն ապահովելուն։

 

«Նշենք, որ, ըստ պաշտոնական թվերի, այս հետվերադարձի համակարգից օգտվում է թոշակառուների մոտ կեսը։ Ստացվում է կեսի մոտ թոշակի բարձրացում կա, իսկ մյուսների մոտ՝ չկա»,-շեշտեց մասնագետը։

 

Պարսյանի դիտարկմամբ՝ անկանխիկ եղանակով գնումներ չկատարելու պատճառները տարբեր են.«Քարտով առևտրին չտիրապետելը, քարտով առևտուր անելու հնարավորություն չունենալը, օրինակ՝ շատ գյուղերում այդ հնարավորությունը չկա։ Շենքի բակերում փոքրիկ խանութներ կան, որտեղ ընդհանրապես չեն կատարում անկանխիկ գործարքներ։ Մյուս խնդիրն էլ այն է, որ թոշակառուների մեծ մասն աղքատ է պաշտոնական թվերով, և նրանցից շատերն իրենց ամսական գնումներն իրականցնում են պարտքով՝ տետրի մեջ նշելով, և արդեն ամսվա սկզբին՝ թոշակը ստանալուն պես այն կանխիկացնում են և մարում պարտքերը։ Այս պայմաններում, բնականաբար, քեշբեք չի կարող աշխատել։ Բնականաբար, այս ամենն իր բացասական հետևանքներն է թողնում և ապացուցում է, որ թոշակառուների ընդամենը կեսի թոշակներն են բարձրանալու»։

 

Հարցին՝ ի՞նչ օգուտներ է ստանում այս հետվերադարձի համակարգից պետութունը՝ տնտեսագետը պատասխանեց.«Օգուտն այն է, որ պետությունը դրանով իր պատկերացրած ստվերն է կրճատում, տնտեսության մեջ անկանխիկ շրջանառությունն է ավելացնում։ Եվ երկրորդը՝ այս ամենից շահում են բանկերը, քանի որ թոշակառուն ոչ թե միանգամից կանխիկացնում է թոշակը, այլ փողը պահում է բանկային քարտի վրա, որն էլ բանկը պտտեցնում է»։