Հոկտեմբերի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի բացման հանդիսավոր արարողությունը:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Ինժեներական քաղաքի նորակառույց «Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի» շենքում անցկացվող առաջին խոշոր պաշտոնական միջոցառման առթիվ՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը պետք է արտադրի իր սեփական ինժեներական արտադրանքները թե՛ հայաստանյան, և թե՛ համաշխարհային տնտեսության համար։
«Ժամանակն է, որ մենք մտածենք մեր սեփական «Samsung»-ն ունենալու և աշխարհին վաճառելու մասին, և հենց այստեղ՝ «Ինժեներական քաղաքում», գիտությունը և նորարարությունը հիմքը կդառնան նորանոր հայկական արտադրանքների», -նշել է նախարարը։
«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը Հայաստանի ճարտարագիտության ոլորտի ամենամյա իրադարձություն է, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ։ Այն ծառայում է որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու երկրի ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը, ինչպես նաև Հայաստանի՝ տարածաշրջանում որպես նորարարական մտքի և առաջատար տեխնոլոգիական լուծումների կենտրոն դիրքավորման համար:
Այս տարի միջոցառումների շարքն ընդունել է տարբեր երկրների պետական, գիտակրթական, կորպորատիվ ու ինժեներական շրջանակների ներկայացուցիչների՝ խթանելով միջոլորտային համագործակցությունը։
Միջոցառումների ընթացքում ճարտարագետները կներկայացնեն իրենց վերջին ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ներառյալ արհեստական բանականությունը, ավտոմոբիլային ճարտարագիտությունը, տիեզերական արդյունաբերությունը, կիսահաղորդիչները, կիբեռանվտանգությունը, բարձր արտադրողականության հաշվարկները, կենսաբժշկական ճարտարագիտությունը և խելացի արտադրությունը։
Առաջին երկու օրերի իրադարձություններին զուգընթաց ցուցահանդեսային ձևաչափով կներկայացվեն նաև հայաստանյան ընկերությունների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ ընդգծելով ճարտարագիտական ոլորտի ապագայի տեսլականը:
«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ» միջոցառումների շարքը կամփոփվի հոկտեմբերի 5- ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կանցկացվեն աշխատարաններ, բանավեճ-քննարկումներ՝ ընդգծելով երիտասարդության դերը ճարտարագիտության և գիտության զարգացման մեջ:
Միջոցառումը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մի շարք պետական, մասնավոր ու միջազգային գործընկեր կազմակերպությունների և ծրագրերի հետ համագործակցությամբ։