Վարդան Ղուկասյանը խոստանում է հեղափոխություն սկսել Գյումրի քաղաքից և կառավարությանը դատի տալ


Վարդան Ղուկասյանը խոստանում է հեղափոխություն սկսել Գյումրի քաղաքից և կառավարությանը դատի տալ
Հոկտեմբեր 1 22:54 2025

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իշխանություններին թույլ չեն տալու Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ։

«Միտումնավոր եք անում, որ մարդ չմնա էստեղ, որ երկիրը դարձնեք թուրքական վիլայլեթ։ Չի՛ ստացվելու»,- իշխանության սխալները թվարկելուց հետո՝ ասաց Ղուկասյանը, ապա հայտարարեց՝ Գյումրիից են սկսելու հեղափոխությունը։

«Իրենցից ոչ վախեցող կա, ոչ քաշվող կա, մենք պատրաստ ենք։ Եթե ուզում է (Փաշինյանը-խմբ․)՝ հեղափոխությունը սկսվի Գյումրի քաղաքից, ես դա իրենց խոսք եմ տալիս, ինչ ուզում է, թող լինի, ինչ ուզում են, թող անեն։ Կտեսնենք, թե ժողովուրդը ինչ կանի, մնացածը թողնում եմ ժողովրդին։ Սա արդեն վերջն է, սրանից էն կողմ՝ չափ ու սահման չկա»,-ասաց նա։

Ղուկասյանը հայտարարեց նաև, որ դատի է տալու կառավարությանը․

«Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը։

58 միլիարդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդը։ Նրանք մեր քաղաքին պետք է 27 միլիարդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 միլիարդն են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»։