ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարազգի քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Հ.Մ.-ն, իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատելով օտարազգի քաղաքացուն, կանգ է առել և պարզելով, որ վերջինս ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր, առաջարկել է անվճար տեղափոխել այնտեղ, սակայն տուժողին տարել է իր այգի և կողպել տարածքի դարպասները:
Այնուհետև, Հ.Մ.-ն տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն վերջինս դիմադրել է, օգնություն կանչել և թույլ չի տվել շարունակել գործողությունները, ինչից հետո Հ.Մ.-ն դադարեցրել է դրանք և բացել այգու դարպասները:
Նախաքննության ընթացքում Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։