Դպրոցներում կարգելվի՞ բջջայինը


Դպրոցներում կարգելվի՞ բջջայինը
Սեպտեմբեր 29 11:04 2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավորական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հնարավոր սահմանափակումներին Երևանում ծնողները մեծամասմբ ընկալունակ են. «Ոչ միայն ընկալունակ են, այլ նաև ավելին՝ աջակցում և խրախուսում են»։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակումներ կիրառել՝ ապահովելով իրավական հիմքերը։

 

Խաչատրյանը նաև նշեց՝ առաջարկվում է 1-ից 6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ ստիպված կբերի՝ կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի, հետո արդեն թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-12-րդ դասարանցիներին կառաջարկվեն խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրանահգով և վերահսկողությամբ։ «Դա կարող է շաբաթական մեկ կամ երկու անգամ լինել»,-ասաց նա։

 

Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։

 

Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ առաջարկում է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:

 

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց Ավինյանը: