Քաղաքական աշունը, կարծես թե, թեժանում է, այս մասին հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում այսօր գրեթե ամեն օր որևէ կուսակցություն համագումար է անում կամ «հանրահավաք», նոր ձևավորումներ են անոնսավորվում, շարժումները փորձում են կուսակցություն դառնալ։
«Բոլորը խոսում են տնտեսության մասին։ Մեկը խոստանում է այս կամ այն հարկը իջեցնել, մյուսը՝ նպաստ ավելացնել, երրորդը՝ փոքր ծրագրերով «զարթնեցնել» գյուղատնտեսությունը կամ արդյունաբերությունը։
Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ Տնտեսության մասին պետք է խոսել ոչ թե պատեհապաշտական միկրոխոստումներով, այլ մակրո գաղափարախոսությամբ, հայեցակարգային մոտեցումներով և խորքային բարեփոխումների ռազմավարությամբ։
Եթե պետությունը չունի նոր տնտեսական մոդելի տեսլական, եթե չկան համակարգային լուծումներ՝ արտահանելի տնտեսության, արտադրողականության, հարկաբյուջետային նոր մշակույթի կամ ինստիտուցիոնալ վստահության շուրջ, ապա յուրաքանչյուր «մինի ծրագիր» դատապարտված է մնալու միայն լոզունգ։
Պատեհապաշտական խոստումներով ոչ միայն արժեզրկվում է տնտեսական խոսույթը, այլև ձևավորվում են հանրային անիմաստ սպասումներ, որոնք հետո անխուսափելիորեն վերածվում են հիասթափության։ Իսկ իրական քաղաքական ուժի պարտականությունն է ոչ թե հաճոյանալ ականջին, այլ՝ ծրագրել փոփոխություն համակարգի մակարդակում։ Նախևառաջ անհրաժեշտ է մակրոմակարդակում կատարել համակարգային ախտորոշում, իսկ ապա ներկայացնել հանրությանը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականներ։
Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ սպառման վրա հիմնված մոդելի գերին։ Աճի հիմնական աղբյուրները ներմուծումն ու արտերկրից եկող տրանսֆերտներն են, ոչ թե սեփական արտադրողականության բարձրացումը։ Սա կարճաժամկետ փայլ է, բայց խորքային խոցելիություն՝ արտաքին շուկաների ցնցումներից կախվածություն, վարկային պարտավորությունների ծանրացում և ապագայի անորոշություն։ Առանց արդյունաբերության զարգացման և արտահանելի տնտեսության հայեցակարգի իրականացման, առանց արդյունաբերական ու տեխնոլոգիական ներուժի վերակենդանացման՝ իրական և որակական առաջընթացը մնում է անհասանելի։
Հարկաբյուջետային քաղաքականությունն այսօր չի կրում մակրոտնտեսական ռազմավարության շունչը, այլ հիշեցնում է հաշվառման գործիք՝ եկամուտներն ու ծախսերը տեղավորելու համար։ Բայց բյուջեն պետք է լինի ոչ թե հաշիվների գրքույկ, այլ տնտեսության շարժիչ, որը ստեղծում է աշխատատեղեր, խթանում արդյունաբերությունը, ամրապնդում գիտատեխնոլոգիական ներուժը։ Այս բացակայող թիրախներն են, որ հարկաբյուջետային քաղաքականությունը դարձնում են ոչ թե ռազմավարություն, այլ մերկ տեխնիկա։
Իշխանության խոստումները մնում են միկրոմակարդակի կարկատաններ։ Մի քանի գյուղում իրականացված փոքր ծրագրերը կամ մեկ-երկու ոլորտի թիրախավորումը չեն կարող փոխել ամբողջ տնտեսության տրամաբանությունը։ Դրանք ժամանակավոր գայթակղություններ են՝ կարճաժամկետ հանրային գոհունակություն ապահովելու համար։ Բայց քանի դեռ չկա մեծ պատկերի մշակված հայեցակարգ, այդ խոստումները դատապարտված են արագ մարելու։
Պարոնա՛ք, եթե ուզում ենք խորքային բարեփոխումներ, պետք է խոսել ոչ թե մանր խոստումներով, այլ համակարգային ճանապարհով․ նոր հարկային համակարգ, արտահանմանը և արդյունաբերությանը միտված տնտեսական մոդել՝ փոքր տնտեսության հայեցակարգի ներքո, տարածքային համաչափ զարգացման հայեցակարգեր, լոգիստիկ և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում։ Եվ այս ամենը՝ հանրային վստահության վերականգնման ազնիվ ձգտումների համատեքստում։ Սա է այն խոսույթը, որը բարձրացնում է հասարակության սպասումները և միաժամանակ ձևավորում է ազգային ծրագրի շուրջ վստահություն»,- գրել է Անանյանը։