«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
34 տարի առաջ այս օրը Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրեց անկախ ապրելու ուղին՝ զինվորագրվելով անկախության պահպանման ու ապահովման սուրբ պայքարին։
34 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավաքական կամք ու հավատ։
Անկախության ճանապարհին ունենք հաղթանակի ու հպարտության բազմաթիվ դրվագներ, ցավոք, ունենք նաև ցավի ու կորստի էջեր։ Այսօր՝ 34 տարի անց, շարունակվում է մեր պայքարը անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու, սեփական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար և այսօր, առավել քան երբևէ, նորից կենսական կարևորություն ունեն մեր միասնականությունն ու վճռականությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, վստահ եմ, որ պատվով հաղթահարելու ենք նաև այսօր մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները, ամրագրելու ենք անկախ ապրելու մեր իրավունքն ու սերունդներին իրական խաղաղություն ենք ժառանգելու՝ կայուն, երկարաժամկետ խաղաղություն։
Խոնարհումս Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի Հանրապետության համար բոլոր ժամանակներում զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ, հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր քույրերին ու եղբայրներին»։