«13 վայրկյան». նոր դետեկտիվ կատակերգություն Մկրտիչ Արզումանյանի և Լիանա Վանոյանի մասնակցությամբ


«13 վայրկյան». նոր դետեկտիվ կատակերգություն Մկրտիչ Արզումանյանի և Լիանա Վանոյանի մասնակցությամբ
Սեպտեմբեր 19 16:46 2025

Արկածային պատմություններ, դինամիկ զարգացումներ ու անսպասելի լուծումներ…

Մեկնարկել են «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը բաղկացած է 16 մասից,  գլխավոր հերոսներին մարմնավորում եմ Մկրտիչ Արզումանյանն ու Լիանա Վանոյանը: Ֆիլմի պրոդյուսերն է Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանը։

Նախագիծը համադրում է դետեկտիվ ու կատակերգական ժանրերը՝ առաջարկելով տարբերվող ու հետաքրքիր պատմություն։ Սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանն է։

Ֆիլմն արտադրվում է հատուկ Armflix հարթակի համար` «MENQ holding» ընկերության կողմից

Tert.am Life-ը ներկա է եղել Ֆիլմի նկարահանումներին, զրուզել ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու առաջին բեքսթեյջ լուսանկարները:

«Սա սիթքոմ չէ, այլ բազմասերիանոց ֆիլմ». Սերգեյ Հայրապետյան

Պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանն ընդգծում է, որ այս նախագիծը տարբերվում է հայկական շուկայի մյուս կատակերգություններից։

«Այն հեռուստատեսային սիթքոմ չէ, այլ բազմասերիանոց ֆիլմ՝ իր տեխնիկական, դրամատուրգիական ու բովանդակային բոլոր չափանիշներով։ Ամբողջ աշխարհում նման նախագծերը վաղուց չեն զիջում լիամետրաժ ֆիլմերին, և հիմա մենք ցույց ենք տալիս, որ նույն որակը հասանելի է նաև Հայաստանում։ «13 վայրկյան»-ը դետեկտիվ կատակերգություն է՝ դինամիկ, արկածային և զվարճալի ընթացքով»,- մեզ հետ զրույցում ասաց պրոդյուսերը:

«Յուրաքանչյուր նոր դերը նոր մարտահրավեր է». Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյանը Tert.am Life հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է համագործակցում «Armflix»-ի հետ: Կարծում է, որ նախագիծը երկար կյանք է ունենալու:

«Գործողությունները դինամիկ են և հեռուստադիտողին շատ հետաքրքիր պահեր են սպասում: Նկարահանումները դեռ նոր են սկսվել, և  յուրաքանչյուր տեսարանի համար պետք է ներդնենք մաքսիմալ ուժ ու էներգիա, որպեսզի ստանանք ցանկալի արդյունք։

Իմ կերպարը՝ Մայիս Աստվածատրյանը, ոստիկանության հատուկ բաժնի նախկին աշխատակից է, ով առողջական խնդիրների պատճառով դուրս է մնացել համակարգից ու շատ ծանր է տանում այդ փաստը։ Մայիսը փորձառու մասնագետ է, և հանգամանքների բերումով Մոնիկան, (ում մարմնավորում է Լիանա Վանոյանը) ով նույնպես հատուկ բաժնի աշխատակից է, դիմում է օգնության։ Նրանք միասին հայտնվում են վտանգավոր գոտում՝ փորձելով բացահայտել լուրջ հանցագործություն»,- պատմեց Մկրտիչ Արզումանյանը։

Նա նշեց, որ իր համար յուրաքանչյուր նոր նախագիծ մարտահրավեր է․ «միշտ ձգտում եմ չկրկնվել և չնմանվել նախորդ կերպարներիս։ Սա իմ գերխնդիրն է, և ես փորձում եմ անել ամեն ինչ՝ պատմությունը մաքսիմալ  ճշգրիտ ու հետաքրքիր փոխանցելու համար»,- նշեց դերասանը:

«Կարծում եմ՝ հանդիսատեսը կսիրի մեր աշխատանքը». Լիանա Վանոյան

«Ինձ բախտ է վիճակվել խաղալ Մկրտիչ Արզումանյանի հետ, ինչի համար շատ ուրախ եմ: Այս նախագիծն ինձ համար շատ հետաքրքիր փորձ է։ Սցենարն ինձ գրավեց հենց սկզբից․ քննչական մասնագիտությունն այս նախագծում շատ ցայտուն է ներկայացված, իմ կերպարն էլ շատ հետաքրքիր է: Միշտ ցանկացել եմ խաղալ նմանատիպ կերպար:

Շատ ջերմ և պրոֆեսիոնալ թիմով ենք աշխատում։ Կարծում եմ՝ մեր աշխատանքը հանդիսատեսի կողմից սիրով կընդունվի»,-ասաց դերասանուհի Լիանա Վանոյանը:  

 «Մենք չենք փորձում ուղղակի ծիծաղեցնել». Հովհաննես Ղազարյան

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը շեշտում է՝ դետեկտիվ կատակերգության ժանրը Հայաստանում գրեթե նորույթ է։ «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ թե՛ դերասանները, թե՛ ստեղծագործական թիմը պետք է ամեն ինչին մոտենան լրջությամբ։ Մենք չենք փորձում ուղղակի ծիծաղեցնել,սցենարը կառուցված է այնպես, որ որքան լուրջ խաղանք, այնքան ավելի ծիծաղելի կլինի։

Շատ կարևոր է նաև, որ բոլոր դերերը մարմնավորում են դերասաններ, ֆիլմում պատահական մարդիկ չկան»,- ամփոփեց ռեժիսրը: