Մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը. ինչ կա օրակարգում. Armlur.am


Մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը. ինչ կա օրակարգում. Armlur.am
Սեպտեմբեր 8 08:53 2025

Armlur.am-ը գրում է. «Այսօր հայրենի խորհրդարանը վերադառնում է արձակուրդից: Մեկնարկելու են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշնանային նիստերը, որոնք, ըստ մեր տեղեկությունների, բավականին հագեցած են լինելու:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բացի նրանից, որ հայրենի իշխանությունները կառավարության կողմից ուղարկված անթիվ անհամար նախագծերն են քննարկելու, ընդունելու, նաև մի քանի գերատեսչությունների 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումն են օրակարգակում ներկայացնելու:

 

Չնայած նրան, որ արդեն 2025 թվականն է մոտենում, բայց խորհրդարանականներին ներկայացվել է 2024 թվականի գործունեության հաղորդումը:

 

Նախ պետք է կայանա Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը․ դրա համար ընդդիմադիր խմբակցություններն առաջադրել են ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանի թեկնածությունը:

 

Այնուհետև կընտրեն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուներին:

Տարեկան հաղորդում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ:

 

Այնուհետև կկայանա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

 

Արդեն օրակարգի վերջում կներկայացվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում:

Կարճ ասած՝ թեժ օրակարգով խորհրդարանական աշխատանքները սկսվել են»։