Ապակու կտոր` Transavia-ի ինքնաթիռի դռան արանքում. Փարիզ-Երևան չվերթի հետքերով. «Հետք»


Ապակու կտոր` Transavia-ի ինքնաթիռի դռան արանքում. Փարիզ-Երևան չվերթի հետքերով. «Հետք»
Սեպտեմբեր 3 17:27 2025

Օգոստոսի 25-ին Transavia ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը նախատեսվածից հինգ ժամ ուշացումով վայրէջք կատարեց Երևանում։ Պատճառը, ըստ ավիաընկերության, ինքնաթիռի դռան արանքում հայտնաբերված ապակու կտորն էր, ինչի հետևանքով ինքնաթիռը օդում շուրջ մեկուկես ժամ պտույտ կատարելուց հետո վերադարձել էր Փարիզի Օռլի օդանավակայան, գրում է «Հետք»-ը:

Ինչ էր պատահել ինքնաթիռին

Ֆրանսիական Transavia ավիաընկերությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան հաստատել է, որ օգոստոսի 25-ի Փարիզ-Երևան թռիչքի ընթացքում տեխնիկական խնդիր է առաջացել։

«Ինքնաթիռի առջևի աջ դռան արանքում ապակու կտոր էր մնացել` չնայած դուռը պատշաճ և անվտանգ փակված է եղել։ Օդաչուն հետևել է անվտանգության բոլոր ընթացակարգերին, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Օռլիում»,- նշվում է ընկերության պատասխանում։

Ընկերությունը չի մանրամասնել, թե ապակու կտորն ինչպես է հայտնվել դռան արանքում, սակայն Boeing 737-800 օդանավը, որում 187 ուղևոր է եղել, Փարիզի մոտակայքում 6 պտույտ կատարելուց հետո ստիպված է եղել վերադառնալ Օրլի օդանավակայան։

Ուղևորներից մեկը «Հետքին» փոխանցել էր, որ հայտարարվել է այլ օդանավով դեպի Երևան թռիչքն իրականացնելու մասին, սակայն մի քանի անգամ նախատեսված թռիչքը հետաձգելուց հետո՝ տեղի ժամանակով 15։17-ին, Փարիզից մեկնել է նույն ինքնաթիռը։

«Մանրակրկիտ ստուգումից հետո ինքնաթիռը թռիչքը շարունակելու համար պիտանի է ճանաչվել և նույն օրը բոլոր ուղևորների հետ մեկնել է Երևան։ Transavia France-ը հիշեցնում է, որ իր ուղևորների և անձնակազմի անվտանգությունն իր բարձրագույն առաջնահերթությունն է»,- նշել է ավիաընկերությունը։

Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն այն «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել շուրջ 5 ժամ անց։

Ինքնաթիռի ուշ ժամանման պատճառով օգոստոսի 25-ին Երևանից Օռլի մեկնող TO7499 չվերթն իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Շառլ դը Գոլ (CDG) օդանավակայանում՝ Օռլի օդանավակայանի պարետային ժամի պատճառով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում