Այս անգամ փողերի լվացման գործով. Սամվել Կարապետյանին 3-րդ անգամ են հարցաքննել. «Ժողովուրդ»


Այս անգամ փողերի լվացման գործով. Սամվել Կարապետյանին 3-րդ անգամ են հարցաքննել. «Ժողովուրդ»
Օգոստոս 26 08:14 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ մեկուսարան՝ գործարար Սամվել Կարապետյանի մոտ, դարձյալ քննիչ է գնացել ու հարցաքննել, այս անգամ ենթադրյալ փողերի լվացման գործով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարարը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է։

Փաստացի՝ գործարար Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեի կողմից 3 անգամ հարցաքննվել է. 2 անգամ «մեր ձեւով» արտահայտության համար, եւ մեկ անգամ էլ՝ փողերի լվացման մեղադրանքի շրջանակում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա վերջին հարցաքննությունը կարճ է տեւել. գործարարը պնդել է, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհիմն անհեթեթություն է, եւ ըստ էության այլ ասելիք չի եղել, որովհետեւ, փաստաբանների գնահատմամբ, սա հնարովի մեղադրանք է:

Հիշեցնենք, որ ՍամվելԿարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո: Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին՝ նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է սարքել, հետո SMS հրահանգով՝ երկու ամսով կալանավորեցին:

Ավելին, Հակակոռուպցիոն դատարանը օրերս կրկին երկարաձգեց գործարարի կալանքը, որը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նրա կալանքի երկարաձգման դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։

Ի դեպ, գործարարը կալանավայրից արդեն հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: