Այսօր ևս շարունակվեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ Սրբազան Պայքարի գործով մեղադրանք են առաջադրել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։
Քննելով Սրբազան պայքարի աջակիցների ու ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հարցը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը քաղբանտարկյալներից Արա Զոհրաբյանի՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր խափանման միջոց կալանքը փոխարինեց եռամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Ըստ Ֆարխոյանի որոշման՝ պատերազմում զոհված զինվորի հայրը Եռաբլուր` որդու շիրիմին կարող է այցելել շաբաթը 2 անգամ՝ պրոբացիայի ուղեկցությամբ։
Դատարանի այս որոշման կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել Սրբազան պայքարի գործով անցնողների պաշտպանական կողմը։ Մասնավորապես, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարել է․
«Կարծում եք՝ դատարանը օբյեկտի՞վ գտնվեց՝ չերկարաձգելով Արա Ռոստոմյանի կալանքը։ Դատարանը օբյեկտի՞վ գտնվեց՝ կիրառելով տնային կալանք և թույլատրելով շաբաթական երկու անգամ այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ որդու շիրմին։
Պաշտպանական կողմը պետք է շնորհակա՞լ լինի դատարանին․ ամենևին։
Արա Ռոստոմյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց չգործած հանցանքի համար։ Անմեղ ծնողին արգելվեց շաբաթվա մնացած հինգ օրերին այցելել որդու շիրիմին։
Շնորհակա՞լ ենք արդյոք դատարանին, պետությանը, իշխանությանը․ երբեք»։