Միքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»


Միքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
Օգոստոս 21 09:32 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել։

2023 թվականին Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։

2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ դատավոր Մելիքսեթյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։ Տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։

Արդյունքում, տարեվերջի դրությամբ, դատավոր Մելիքսեթյանը ունի 6 անշարժ գույք։

Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզեց, որ դատավորի կանխիկ դրամական միջոցը կազմում է 4 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 902 հազար դրամ, որից 13 մլն 856 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից։

Մելիքսեթյանը դասավանդում է նաեւ Երեւանի Գլաձոր համալսարանում եւ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում, որտեղից ստացել է գրեթե 480 հազար դրամ։ Իսկ ՀՀ ՊԵԿ-ից ստացված 2 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է՝ հիփոթեքով գնած բնակարանի մայր գումարը մարելու համար։

Մելիքսեթյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 245 հազար դրամ, որն էլ հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: