Հետք»-ի ընթերցողներից մեկը, անանուն մնալու պայմանով, տեղեկություններ է հայտնել«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տիրող վիճակի մասին: Ըստ մեր աղբյուրի՝ փողերի յուրացման, շորթման համար «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչը և մի քանի այլ աշխատողներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Թանգարանի աշխատակիցներն ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակվել:
Աղբյուրը նաեւ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են «Գառնի» արգելոց-թանգարանի աշխատողները ներգրավված եղել տոմսերի ապօրինի տպման ու վաճառքի մեջ, տպել են տոմսերի կրկնօրինակներ ու վաճառել առանց ՀԴՄ կտրոնի: ՀՀ և օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար նախատեսված տոմսի արժեքը 1500 դրամ է, 12-18 տարեկան այցելուների համար՝ 750 դրամ, իսկ մինչև 12 տարեկան այցելուների համար մուտքն անվճար է: 2024 թվականին այցելուների թիվը կազմել է 763 730 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը առանց հարկերի կազմել էր մոտ 497 մլն դրամ: 2025 թվականի 6 ամիսների ընթացքում թանգարան է այցելել 352 337 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը առանց հարկերի կազմել է մոտ 234 մլն դրամ:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցներին Հակակոռուպցիոն կոմիտե տանելու մասին լուրը ստուգելու համար հուլիսի 30-ին կապ հաստատեցինք արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանի հետ, վերջինս, սակայն, հերքեց մեր տեղեկությունները: Միայն պատմեց այլ դեպքի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «Գառնի» արգելոց-թանգարանում: Նրա խոսքով՝մեր խոսակցությունից մի քանի օր առաջ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվել էր էլեկտրոնային երաժշտության համերգ:
«Թանգարանի մուտքը 13:00-ին փակվել էր, և մարդիկ կարող էին մտնել միայն համերգի տոմսով, որն ավելի թանկ էր, քան թանգարանի տոմսը: Այդ պահին ժողովրդի մոտ դժգոհություն է առաջացել, հասարակական կարգի թեթև խանգարումներ են եղել: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները միջամտել են, երկու հոգու բերման են ենթարկել ու բաց թողել: Միայն դա է, լուրջ միջադեպ չի եղել»,- ասաց Վահե Իսպիրյանը:
Նա հավելեց, որ ինքը որևէ գործով որևէ կերպ ներգրավված չէ:
Հակակոռուպցիոն կոմիտեին հարցրել էինք, թե արդյո՞ք հուլիսի 30-ից մոտ երկու շաբաթ առաջ Ազգային անվտանգության ծառայության տեղեկությունների հիման վրա բերման են ենթարկել «Գառնի» արգելոց-թանգարանի վարիչը և այլ աշխատողներ, և ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում, Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով են նախաձեռնվել վարույթ(ներ)ը, և ի՞նչ փուլում են գտնվում։ Մենք նաև հարցրել էինք, թե նշված վարույթներով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր հոդված(ներ)ով:
Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան Ձեր 06.08.2025թ.-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հասցեագրված տեղեկատվության պահանջի՝ հայտնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ձեր կողմից նշված դեպքով ներկայումս թիվ 58204623 քրեական վարույթով շարունակվում է նախաքննությունը և հիշյալ քրեական վարույթով Դուք որևէ կարգավիճակով ներգրավված չեք:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախաքննության տվյալ փուլում ընթացակարգ չի նախատեսում քրեական վարույթով կողմ չհանդիսացող անձին այդ վարույթով կատարված գործողությունների արդյունքների կամ ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու»: