NEWS.am–ի տեղեկություններով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135R տեսակի ինքնաթիռներ վայրէջք են կատարել Երևանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոսի 12-20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, ենթադրվում է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների Հայաստան ժամանման պատճառը հենց զորավարժությանը մասնակցությունն է։
Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: