Մարդ ենք, որքա՞ն կարող ենք այդ օձերի մեջ ապրել. բոլորի կողմից անտեսված ենք. քաղաքապետարանի դիմաց հավաքված բնակիչներն իրենց խնդրին լուծում են պահանջում


Մարդ ենք, որքա՞ն կարող ենք այդ օձերի մեջ ապրել. բոլորի կողմից անտեսված ենք. քաղաքապետարանի դիմաց հավաքված բնակիչներն իրենց խնդրին լուծում են պահանջում
Օգոստոս 4 13:02 2025

Բոլորի կողմից անտեսված ենք՝ մեր թաղապետի, թաղապետի տեղակալի: Հանձնարարված է քաղաքապետի կողմից, որ բարելավում լինի, երկու տարի ոչ մեկ չի եկել շենք, չի տեսել: Փլվում է շենքը, օձերն ու կարիճներն էլ չենք ասում։ Մենք տեսանյութեր ունենք, որ հանձնարարական են տալիս, ոչ մի հանձնարարական չի կատարվել, մինչև առ այսօր։ Այս մասին քաղաքապետարանի դիմաց, լրագրողների  հետ զրույցում ասել է Դավթաշենի 9-րդ փողոց, 70 շենքի բնակիչը:

«Անգամ պարոն Ավինյանն ասում է, որ պարոն Բալայան, անձամբ դու կգնաս շենք, կհասկանաս՝ ինչ վիճակ է, ինչ է: Չեն եկել, չեն հետաքրքրվել: Մեզնից ուզել են սենյակների թղթերը, տարել են, իր ավագանին նստած է եղել, հարցրել է իրեն, որ շենքի մասին է խոսքը, ասել է «մուլտերի հանրակացարան»-ի մասին է, որ կցել ենք 68 ներքևի հանրակացանի հետ: Պարոն Ավինյանը խոսք է տվել, որ իրենցն էլ հետը բարելավելու է, ընդամենը 17 սենյակ է», - նշել է բնակիչը:

Նա հավատացրել է, որ որևէ մեկը հանդիպում չի ունեցել իրենց հետ, այլապես չէին գա քաղաքապետարանի շենքի մոտ: Հարցին՝ փորձե՞լ են հանդիպել պարոն Բալայանի հետ, բնակիչը պատասխանել է՝ ամսի 20-ին, չորեքշաբթի օրն ենք գնացել, ինքն արձակուրդում է, տեղակալը չի իջել:  

«Այսօր մեզ ասացին դիմում գրեք, գնացեք: Ինչքա՞ն դիմում: Ուզու՞մ եք, ամբողջ տոպրակս դիմում է, ամբողջ տոպրակս հատ-հատ կարող եմ հանել, ցույց տալ, ինչքան կարելի է, չի լինում այսպես», - ասել է բնակիչը: 

Քաղաքացիները պահանջում են, որ իրենց հարցը լուծում ստանա, որևէ մեկը հանդիպի իրենց հետ, կլինի Տիգրան Ավինյանը, տեղակալը, թե՝ ավագանին: 

«Մարդ ենք, որքա՞ն կարող ենք այդ օձերի մեջ ապրենք, արդեն տարբերում ենք իժը, չգիտեմ՝ գյուրզան, շախմատը: Մի տարեկան երեխա ենք մեծացնում այնտեղ: Քնում ենք, չգիտենք՝ կզարթնե՞նք, թե՞ չէ», - նշել է բնակիչն ու հավելել, որ չեն գնալու, հարկ եղած դեպքում նաև փողոցն են փակելու: