«Այլընտրանք չկա». ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառներին


«Այլընտրանք չկա». ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառներին
Օգոստոս 4 10:07 2025

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացրել է ՍԱՏՄ-ն:

Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին:

Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը, և իրենք, ստիպված, ձեռք են բերում ու վաճառում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք: Առաջարկել են գտնել ճանապարհ, որ գյուղացիները կենդանուն տանեն սպանդանոց, ոչ թե մորթ անողին կանչեն իրենց բակ:

Տեսչական մարմնի ղեկավարը հստակեցրել է. խնդրի լուծման հասցեատերը հենց վաճառքի կետերն են: «Դուք չպետք է ընդունեք բակային մորթի ենթարկված կենդանու միսը. միանշանակորեն դա է խնդրի լուծման ճանապարհը: Եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը հարգեն օրենքի պահանջը և վաճառեն միայն սպանդանոցից 5-րդ ձևի ուղեկցությամբ բերված անվտանգ միս, խնդիրը կկարգավորվի: Այլընտրանք չկա»,- շեշտել է նա:

Ըստ ՍԱՏՄ-ի՝ ոչ միայն Խորենացու փողոցի տաղավարներում, այլև ողջ հանրապետությունում մսի ծագման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է լինելու:

Տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է կատարել իրավական ակտերի պահանջները, իսկ սպառողներին առաջարկում՝ միսը գնել միայն դրա սպանդանոցային ծագման մասին հավաստիանալուց հետո: