6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Լոպեսի համերգին, 37․000 դոլար՝ սննդին, 185․000 դոլար՝ հյուրանոցներին


6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Լոպեսի համերգին, 37․000 դոլար՝ սննդին, 185․000 դոլար՝ հյուրանոցներին
Օգոստոս 1 14:16 2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը։ Այս մասին հայտնում է Ազատությունը։

 

Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։

 

Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։

 

37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։

 

Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։

 

Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։

 

Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում