«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ է` ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ-ում որոշել են լուծել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան ‘տ Սխիպի հետ պայմանագիրը և նոր մարզիչ նշանակել «Փյունիկ»-ի ներկա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին:
Մելիքյանն իհարկե ընդունելի և արդյունք ցույց տված մարդ է հայկական ֆուտբոլում և աչքի է ընկել նաև ՀՖՖ ներկա ղեկավարության հետ բացահայտ կոնֆլիկտներով, օրինակ` հարցազրույցներից մեկում Մելիքյանը նույնիսկ անվանել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին կրիմինալ սերիալներից մեկի հերոսի` Ռուդոլֆի հետ:
Ինչևէ` Մելիքյանի հնարավոր նշանակումը սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ կարող է հույս ներշնչել երկրպագուների շրջանում, սակայն միևնույն ժամանակ շատ վտանգավոր է հենց Մելիքյանի ֆուտբոլային հեղինակության համար, քանզի դժվար կլինի այս կարճ ժամանակահատվածում խելքի բերել հավաքականը ու պայքարել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
Ֆուտբոլին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները մտավախություն հայտնեցին, որ ՀՖՖ-ն կարող է Եղիշե Մելիքյանին նշանակել հավաքականի մարզիչ և հնարավոր ձախողման դեպքում մեղքը բարդել նրա վրա` այնինչ, ինչպես նշեցին մեր աղբյուրները` Մելիքբեկյանի գլխավորությամբ ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում աչքի է ընկել ձախողումների շարքով, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներով, ինչը նշանակում է, որ ֆուտբոլում հնարավոր չէ արդյունք գրանցել, քանի դեռ այս մարդիկ են նստած ֆեդերացիայում։
Երևանի «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել հունգարական «Դյորի» արգելքը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատասխան խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
–00—ՅՄ