Երևանն ինձ ցնցեց. Զեմֆիրան տպավորված է հեռացել Հայաստանից


Երևանն ինձ ցնցեց. Զեմֆիրան տպավորված է հեռացել Հայաստանից
Հուլիս 7 14:38 2025

Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։

 

Նա գրել է, որ համերգը ևս հրաշալի է անցել։ Իրեն ունկնդրելու են եկել երկրպագուներ ոչ միայն Հայաստանից, այլև Նոր Զելանդիայից, Ճապոնիայից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուֆայից։ Երկրպագուներ, որոնք երգչուհուն հնարավորություն են տվել ապրելու, զգալու այն, ինչը վաղուց մոռացվել էր։

 

«Գուցե, համերգը կարող էր ավելի լավը լինել։ Հաճախ եմ այդպես մտածում, սակայն այստեղ խոսքը նոտաների ու հնչյունների մասին չէր, խոսքը երկար սպասված լավ հանդիպման մասին էր, երբ հետո հիշում ես ու մտածում՝ դա հրաշալի էր»,-գրել է նա։

 

Զեմֆիրան ընդգծել է, որ մտապահել է մարզադաշտի առջևի տները, որոնք ասես փայլել են թվացյալ այրվող պատուհաններով, յուրօրինակ տեսարանը։ «Վերջին երգն իմպրովիզացիա էր։ Միշտ սիրել եմ իմպրովիզացիաներ, բայց ավելի ու ավելի հազվադեպ եմ դիմում դրան։ Այս անգամ ստացվեց»,-նշել է նա։

 

Անդրադառնալով համերգի ընթացքում բեմ բարձրացած փոքրիկ տղային՝ երգչուհին շեշտել է, որ Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է՝ քաջ և զգայուն, ինչը Հայաստանի էությունն է։

 

«Շնորհակալություն, Երևա՛ն այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց, կարծես թե, իմ լսարանն է լավագույնը։ Համերգի հաջորդ օրն իմ առջև բացվեց Արարատ լեռը։ Այն տեսանելի էր ամբողջությամբ։ Ասում են, որ ամռանը նման բան հազվադեպ է պատահում։ Ինչպե՞ս էր ստացվել, որ ես երբեք այստեղ չէի եղել»,-եզրափակել է Զեմֆիրան։