ՀԷՑ-ը «պետականացնելու» նախագիծն անգրագետ օրենքի նախագիծ է, որը պատրաստ եմ հիմնավորել ցանկացած ձևաչափով. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա պնդեց, որ բացարձակ նորմալ չէ այսպիսի մեծ ներդրումը «խլելը» բոլոր տեսակի հնարավոր միջոցներով՝ հաշվի առնելով սեփականատիրոջ անձը։
«Մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, մարտ առանց կանոնների ձևաչափով։ Հաշվի առնելով, որ սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք իրավական ճանապարհով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ պետական հնարավորությունները սահմանափակ են, որը մենք հասկանում ենք, բայց դա կանենք միջազգային կազմակերպությունների, մեր գործընկերների հետ»,-ասաց նա։
Ղազինյանը նշեց, որ իրենց հետ որևէ ձևով իշխանության կողմից կապ չի հաստատվել։
«Որևիցե ձևով՝ թեկուզ առանց փաստաթղթի, ինչ-որ զանգով ․․․ եկեք քննարկենք, հասկանանք։ Մենք էլ ունենք խնդիրներ, թերություններ, անսխալական մարդ չկա, բայց չի եղել այդպիսի բան։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ մեր իշխանությունները չեն ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքով՝ վախենում են, որ քննարկումների արդյունքում սխալ դուրս կգան։ Այստեղ խելագարության կանխավարկածի հնարավորություն կա»,-ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք փորձ է եղել հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և քննարկել հարցը։
Նա ընդգծեց՝ նորմալ չի, որ նման գործընթաց է նախաձեռնվում, և ընկերությունը փորձում են պետականացնել, խլել։
Դավիթ Ղազինյանը խոստացավ, որ օրինական ճանապարհով հակադարձումը շատ ուժեղ է լինելու։
Հարցին՝ հնարավո՞ր տարբերակ է, որ Սամվել Կարապետյանի ազատության գինը լինի ՀԷՑ-ի ճակատագիրը՝ Ղազինյանը պատասխանեց, որ իր անձնական կարծիքով՝ լավ իմանալով Սամվել Կարապետյանին, հնարավոր չի նման պայմանավորվածությունների գնալը։
«Իրենց ցանկությունը կարող է լինել, որ պայմանավորվեն, բայց այսպիս պայմանավորվածություններ հնարավոր չեն՝ հաստատապես ճանաչելով Կարապետյանին»,-ասաց նա։ Նա գործարքի չի՞ գնա որևէ դեպքում՝ պատասխանեց. «Ո՛չ, ինչու պետք է հայտնվեր այս վիճակում, որ գնար գործարքի՞»։
Ինչ վերաբերում է ՀԷՑ աշխատակիցներին հավաքագրելու և խոստումներ տալու իշխանության քայլերին՝ տնօրենն ասաց՝ կոնկրետ փաստեր չունեն, որ աշխատակիցների վրա ազդեցություն ունեն, բայց վստահաբար նշեց, որ աշխատավարձ բարձրացնելու խոստումը միֆ է․
«6800 աշխատող ունենք, չեմ կարծում, որ լուրջ քանակ իրենց խոստումներին կհավատա, աշխատավարձը 30 տոկոս բարձրացնելը միֆ է, կամ էլ 3 մլն մարդ կսկսի ավելի վճարել, որ 6800 մարդ ավելի փող ստանա, այսինքն՝ սակագնի վրա կազդի»։
Իսկ մինչ այդ, ՀԷՑ տնօրենի ժ/պ-ն ասաց, որ մինչև սեփականատիրոջ հետ կապված գործողությունները՝ իշխանությունները գոհ են եղել ՀԷՑ-ի բարեփոխումների դինամիկայից։