Արդեն հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները։ Շուրջ 5000 դիմորդների թվում էր նաև նոյեմբերյանից 90-ամյա Սմբատ Հարությունյանը։ Նա իր գիտելիքները ստուգելու համար էր ցանկացել մասնակցել քննությանը։
«Ժամանակը քիչ էր ինձ համար։ Ես արդեն դանդաղ եմ մտածում։ Բոլոր հարցերը կարող էի լուծել, բայց ժամանակ էր պետք, ուղեղս այլևս արագ չի աշխատում։ Դժվարություն չկար։ Խորքային գիտելիքներ ունեմ «Մաթեմատիկայից»։
Ինձ համար կարևոր չէ արդյունքը, կարևորն այն է, որ մասնակցեցի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սմբատ պապիկը։
2021 թվականին էլ էր մասնակցել «Մաթեմատիկա» առարկայի քննությանը, սակայն դժգոհ էր եղել արդյունքից։ Այդ ժամանակ քննություն էր հանձնել Իջևանում գործող քննական կենտրոնում, այս անգամ ցանկացել էր Երևանում հանձնել։
«Մաթեմատիկան իմ սիրելի առարկան է։ Իմ թոռնիկները երբ դժվարանում էին, ինձ էին դիմում օգնության համար։ Սկսեցի իրենց օգնել, իրենց հետ պարապել, հետո էլ սկսեցի ինքս ինձ համար պարապել։ Բացի այդ, մեծ դժբախտություն պատահեց ինձ հետ, խելագարության աստիճանի էի հասել։ Որպեսզի գոնե մի փոքր ցրվեմ, սկսեցի զբաղվել, ինքս ինձ համար պարապել մաթեմատիկա։ Ավելի քան 25 տարի պարապել եմ ինձ համար»,- պատմեց Սմբատ պապիկը։
Նա ասաց, որ խորհրդային տարիներին աշխատել է «միլիցիայում՝ ներքին գործերում, ուղիղ 40 տարի թոշակի եմ»։