Որոշ մոլորյալներ շատ շուտով կհամոզվեն, որ Սամվել Կարապետյանը այսուհետ ևս գործով կապացուցի իր անվերապահ հարգանքն ու սերը հայրենիքի ու եկեղեցու հանդեպ. Բաղդասարյան


Որոշ մոլորյալներ շատ շուտով կհամոզվեն, որ Սամվել Կարապետյանը այսուհետ ևս գործով կապացուցի իր անվերապահ հարգանքն ու սերը հայրենիքի ու եկեղեցու հանդեպ. Բաղդասարյան
Հունիս 20 16:54 2025

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը գրել է.

 

«Սամվել Կարապետյանին և իր ընտանիքին ճանաչում եմ շուրջ 40 տարի: Մանկավարժների հայ ավանդական ընտանիք, որն իր հայեցի և ազգային դաստիարակությամբ հայ ազգին է նվիրել նման հայրենասեր զավակի:

 

Սամվել Կարապետյանն իր հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությամբ, բազմաթիվ բարեգործություններով, միջազգային լուրջ հեղինակութամբ միայն հպարտություն և պատիվ կարող է բերել մեր երկրին, իսկ յուրաքանչյուր հայ մարդ միայն հպարտության զգացում պիտի ունենա նման հայրենակից ունենալու համար:

 

Ամեն հայ քրիստոնյայի համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունը մեծ առաքելություն է, առավել ևս Սամվել Կարապետյանի նման անհատի համար, որն իր ողջ գիտակից կյանքի ընթացքում ազգային արժեքներն ու հայ առաքելական եկեղեցին վեր է դասել անձերից:

 

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված այս կեղծ և շինծու գործի պատվիրատուները տարբեր հարթակներից ու ամբիոններից հայտարարում են, որ իրենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են, սակայն յուրաքանչյուր հավատավոր հայ երբեք կասկած չի կարող ունենալ ամենատարբեր մակարդակներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի ցուցաբերած «միջամտությունների» հարցում: Այդ միջամտությունները մշտապես միայն դրական արդյունքներ են ունեցել և՛ եկեղեցու, և՛ հայ ժողովրդի համար: Նրա կողմից նշված այս միջամտությունը ևս որևէ վտանգ չի կարող պարունակել իր սիրելի երկրի, ժողովրդի և հատկապես եկեղեցու հանդեպ:

 

Որոշ մոլորյալներ շատ շուտով կհամոզվեն, որ Սամվել Կարապետյանը, երբեք չհրաժարվելով իր սկզբունքներից ու արժեքներից, այսուհետ ևս գործով կապացուցի իր անվերապահ հարգանքն ու սերը հայրենիքի, մեր ավանդույթների, մեր եկեղեցու հանդեպ:

 

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում իրեն և Կարապետյանների ողջ ընտանիքին»։