Կալանավորելով Սամվել Կարապետյանին՝ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ու հնարավոր հասարակական մոբիլիզացիան. Տիգրան Աբրահամյան


Կալանավորելով Սամվել Կարապետյանին՝ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ու հնարավոր հասարակական մոբիլիզացիան. Տիգրան Աբրահամյան
Հունիս 20 13:12 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար ակնհայտ է՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։

 

«Փաստացի, Սամվել Կարապետյանն արտահայտել է իր դիրքորոշումը, որը ոչ միայն տարբերվել է իշխանության մոտեցումներից, այլև իշխանության համար առավել վտանգավոր է դիտարկվել այն տեսանկյունից, որ, մեծ առումով, եկեղեցին ունի շատ մեծ հեղինակություն ու հեղինակավոր անձանց սատարումը եկեղեցուն, բնականաբար, իշխանության համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Աբրահամյանը։

 

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ու հնարավոր հասարակական մոբիլիզացիան։

 

«Դա, կարծում եմ, որևէ արդյունք չի տալու, որովհետև այն բառապաշարն ու այն գործողությունները, որոնց մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ պրոցեսներում, չեն կարող որևէ պայմաններում օգտակար լինել իշխանության համար, այլ բան է, որ իշխանության համար գլխավոր խնդիրը ոչ թե պետության զարգացումն է, այլ կա ներքաղաքական հաշվարկ՝ ովքեր փորձում են որևէ ձևով խոչընդոտ ստեղծել, թիրախավորում են նրանց ու խաղից հանում»,- ասաց Աբրահամյանը։