Այժմ արդեն կարելի է ամփոփել, որ մեկ շաբաթ առաջ Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իսրայելական կողմը հավանաբար հաշվարկել էր, որ առաջին հուժկու հարվածից և ռազմական ղեկավարության նշանակալի դեմքերի սպանությունից հետո Իրանում ի հայտ կգա պետական ու ռազմաքաղաքական ղեկավարման ճգնաժամ։ Ակնհայտ է, որ նման ճգնաժամ այս պահի դրությամբ ոչ միայն չի արձանագրվել, այլ նաև իրանցիները կարողացել են շատ արագ կազմակերպվել և պատասխան հարված հասցնել մոտավորապես 8 ժամվա ընթացքում։
Երկրորդ նպատակը սոցիալական, հասարակական, էթնիկական և կրոնական հողի վրա ներքին խժդժությունների հրահրումն էր Իրանում, որը նույնպես ոչ միայն չի իրագործվել, այլ ընդհակառակը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությունը համախմբել են իրանցիներին՝ մոռանալ տալով ներքին խնդիրները։
Հինավուրց պետականության ավանդույթը և խորը քաղաքակրթական արմատներով սնվող համազգային իրանական ինքնությունն, ըստ էության, օգնել են Իրանին դիմակայելու լրջագույն մարտահրավերների»,- գրել է նա: