Անհետ կորածների ծնողները երեկվանից շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Նրանց սկզբնական պահանջն էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում վերականգնեն Արմեն Աբազյանին, քանի որ նա էր զբաղվում իրենց երեխաների հարցով։ Հիմա, սակայն, պահանջի հարցում մտափոխվել են։
«Ասեցին, որ դա հնարավոր չէ, թեև ես վստահ եմ, որ հնարավոր էր։ Բայց հիմա ժամանակավոր պաշտոնակտար ունեն, պահանջում ենք, որ նա գա մեր մոտ ու ինքն իր դիրքից, իր անունից մեզ երաշխավորի, որ մեր երեխեքի հարցը մնալու է օրակարգում՝ որպես առաջնահերթ հարց՝ համենայն դեպս ԱԱԾ կառույցի համար։ Թող գա ասի, որ էրեխեքի ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու գործընթացը շարունակելու են ավելի մեծ թափով, մենք էլ գզանք, որ էս մարդն ասել է իր դիրքից, այդ դեպքում ճանապարհը կբացենք»,-լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Նա նշեց, որ, բացի Աբազյանից և ԱԱԾ-ից, ոչ մեկ այդ անձանց հարցով չի զբաղվել։
«Երբ ԵԽ-ից անհետ կործաների վերաբերյալ դիմումները հետ կանչեցին, դա մեսիջ էր, որ էրեխեքի հարցն այս պետության համար կարևորույթուն չունի։ Հայտարեցին, որ պահանջ չունեն։ Հիմա, եթե գա ասի, որ անելու են այդ հարցը, ոչ մի փոփոխություն չկա՝ հարց չկա․ կբացենք»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ է այդ հարցով զբաղվում՝ Արսեն Ղուկասյանը պատասխանեց. «Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, անձամբ իր հետ մի քանի անգամ հանդիպել եմ, հետո իմ մուտքն արգելվել է։ Ես հասկացել եմ, որ ինքը պոտենցիալ, քրոնիկ սուտասան մարդ է, ես ո՞նց կարող եմ հավատալ մի մարդու, որ 5 րոպեում 15 հատ սուտ կարող է ասել»։
Նշենք, որ ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է Անդրանիկ Սիմոնյանին։