«Այս գործը պարոն նախագահին ուղղակի դատարան բերելու մասին։ Այս գործը ո՛չ իրավական և ո՛չ էլ փաստական հիմքներ ունի, բացարձակ դատարկ գործ է, որը մեզանից ռեսուրս է տանելու՝ ժամանակի և իրավական «թատրոնին» մասնակցելու առումով»,- այս մասին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստից հետո ասաց փաստաբան Ամրամ մակինյանը։
Նշենք, որ այսօր դատարանը վերացրեց ՀՀ 3-րդ նախագահի` երկրից բացակայելու արգելքը, փոխարենը կիրառեց գրավ՝ 5 մլն դրամ գումարի չափով։
Փաստաբանի խոսքով՝ գործը «ոչ մի բանի» մասին է։
«Սերժ Սարգսյանն այդ ժամանակ եղել է պաշտպանության նախարար և գործել է բացառապես օրենքով և ի շահ ՀՀ-ի։ Մարդիկ այս գործոնները հաշվի չեն առնում, և սխալ հաշվարկների արդյունքում, չհիմնավորված , մենք դատաքննության համապատասխան փուլերում ցույց կտանք, որ մեղադրանքի հիմքում դրված եզրակացությունները գրոշի արժեք չունեն»,- ասաց փաստաբանը։
Սերժ Սարգսյանին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»: