Վարչապետի գրառումը բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու գրառման մասին


Վարչապետի գրառումը բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու գրառման մասին
Հունիս 10 14:33 2025

Ես կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ խումբ ստեղծելու և Վեհափառին Վեհարանից հեռացնելու կոչին:

«Արված գրառումը պարունակում է տեղեկատվություն թե չափանիշների, թե ընտրության մեխանիզմի մասին, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա։

Հարցին՝ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Աստծո օգնությամբ ենք նաև ընտրություն անելու, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ ձևով է լինելու այդ ընտրությունը, նա պատասխանեց. «Աստծո օգնությո՞ւնը, Դուք եկեղեցու հետևո՞րդ եք, Ձեզ պիտի բացատրե՞լ Աստծո օգնությունն ինչ է նշանակում։ Ես կարծում եմ՝ եթե դուք եկեղեցու հետևորդ եք, այդ հարցը պիտի չտաք: Ես կարծում եմ՝ հավատացյալ մարդու համար «Աստծո օգնություն» բառերը շատ հասկանալի են, եթե դուք ձեզ չեք համարում հետևորդ, խնդրեմ, իհարկե, կան մարդիկ ովքեր հետևորդ չեն, այդ դեպքում գուցե բացատրության կարիք կա»:

Ինչ վերաբերում է հարցին՝ Փաշինյանն ասել է՝ կաթողիկոսը զավակ ունի և եթե հերքի, ինքը կապացուցի, գիտե՞ք ինչ կերպ է ապացուցելու, Անդրեասյանը ծիծաղեց և ասաց լրագրողներին. «Դուք ձեր հարցին ինչպե՞ս կպատասխանեք, դե պատասխանեք ձեր հարցին»: