ՀՀ-ում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի շահերը. Ռոման Երիցյան


ՀՀ-ում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի շահերը. Ռոման Երիցյան
Հունիս 9 16:25 2025

ՀՀ-ում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը շարունակում է պաշտպանել բացառապես Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի շահերը՝ անկախ հանգամանքից` նրա հայտարարությունները կլինեն ընդդիմադիր, թե իշխանական. ՔԿ-ում Արցախի՝ լիազորություններն ավարտված նախագահ Սամվել Շահրամանյանի հերթական հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

 

Նրա խոսքով, Սամվել Շահրամանյանին հարցաքննությունների կանչելու ինտենսիվությունը պայմանավորված է բացառապես գործի ծավալով․

 

«Քրեական գործը վերաբերում է Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուն, առհասարակ, սպառազինությունն Ադրբեջանին հանձնվելու և այլ գործողություններին։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ այդ մեկ-երկու օր տևողությամբ իրադարձությունները ենթադրելու են երկար տարիներով վարույթի տևողություն»,-ասաց նա՝ նշելով, որ այս պահին դեռևս մանրամասներ հայտնելու իրավունք չունի։

 

Հարցին, թե Շահրամանյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդո՞ւմ է՝ փաստաբանը պատասխանեց, որ այդ վարույթի շրջանակներում չի կարող արձանագրել նման բան, կոնկրետ այս վարույթով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ։

 

«Այս վարույթի շրջանակներում ոչ թե ուզում են պարզել, թե ով է հանձնել Արցախը․ ինձ, Հայաստանի ցանկացած բնակչի համար ավելի քան պարզ է, թե ով է հանձնել, այլ այս վարույթը վերաբերում է զինվորական անփութությանը, զենք-զինամթերք, ռազմամթերք թշնամուն հանձնելուն»,- ասաց արցախցի փաստաբանը։

 

Լրագրողի հարցին՝ ո՞ւմ է ակնարկում, ո՞վ է հանձնել Արցախը՝ Երիցյանն ի պատասխան ասաց. «Հայաստանի՝ այս պահի դրությամբ իշխանությունը գրաված ներկայացուցիչներին, գործադիր իշխանության ղեկավարներին։ Ցանկացած արցախցու, արդեն նաև Հայաստանի բնակչի համար ավելի քան ակնհայտ է, որ Արցախը հանձնվել է Հայաստանի իշխանությունների դիտավորությամբ, թե անփութությամբ՝ էական չէ, էականն այն է, որ նրանց գործողություններով»։