Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար մեծ արժեք ունեն, եւ, հետեւաբար, այդ երգերը ստեղծողը մեծ հեղինակություն է։ Շատ կցանկանայի, որ հատկապես նա ուղիղ ինձնից լսեր, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձեւ է», գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Արտիստը, երգահանը, իհարկե, պետք է խոսի ժողովրդի անունից, ներկայացնի նրան։ Այլ կերպ չի էլ լինում։ Բայց Կրթվելը նորաձեւ է շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ մենք դադարենք գնահատել մի բան, որի մասին բավարար չափով տեղեկատվություն, գիտելիք եւ պատկերացում չունենք։ Մոլորություն է վստահ լինելը, թե ով գիտի՝ ինչ ասել է կրթություն, գիտի նաեւ՝ ինչի մասին է «Կրթվելը նորաձեւ է» շարժումը։
Ի դեպ՝ 8000 մարդ Երեւանում եւ մարզերում արդեն լսել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման բանախոսությունները։ Կարծում եմ՝ առավել եւս, մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ եւ միանալ այս շատ կարեւոր խոսակցությանը»,-գրել է Աննա Հակոբյանը։