Սահմանադրության համաձայն՝ Արցախի նախագահի ինստիտուտն առ այսօր գործում է, այս պահին չունենք ընտրված նախագահ, բայց դա ժամանակի հարց է. Դավիթ Գալստյան


Սահմանադրության համաձայն՝ Արցախի նախագահի ինստիտուտն առ այսօր գործում է, այս պահին չունենք ընտրված նախագահ, բայց դա ժամանակի հարց է. Դավիթ Գալստյան
Հունիս 5 13:22 2025

Արցախի նախագահի ինստիտուտն առ այսօր շարունակում է գործել՝ ԱՀ գործող Սահմանադրության համաձայն. Aysor.am-ի հետ զրույցում պնդեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ հերքելով մամուլի տեղեկությունները, որ Արցախի նախագահի ինստիտուտը դե ֆակտո և դե յուրե լուծարվել է։

 

Դավիթ Գալստյանը նշեց, որ, ըստ Սահմանդրության՝ Արցախի նախագահի լիազորությունների ավարտից հետո նրա պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը մինչև նոր նախագահի ընտրվելը։

 

«Այսօր, Սահմանդրության հոդվածների համաձայն, կա և՛ ԱԺ ինստիտուտը, և՛ նախագահական ինստիտուտը»,-ասաց նա։

 

Արցախի պատգամավորի խոսքով՝ նախագահի ընտրության հետաձգումը ժամանակավոր է. «Այս պահին չունենք Արցախի Ազգային Ժողովի կողմից ընտրված նախագահ, բայց դա ժամանակի հարց է»։

 

Ըստ նրա՝ չկա պատգամավորների կողմից կոնսենսուս, որ ընտրություններ չեն լինի։

 

«Չի կարող նման կոնսենսուս լինել, որ ընտրություններ չլինեն։ Ընտրություններ լինելու են, ուղղակի ժամանակի հարց է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Կան շատ ու շատ հարցեր, որոնք քննարկումների արդյունքում պետք է ստանան լուծումներ։ Այս պահին քննարկումների մեջ ենք»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է պնդումներին, որ մայիսի 30-ին պետք է նոր նախագահ ընտրեին, սակայն Հայաստանի իշխանությունների «շանտաժի ու սպառնալիքի պատճառով» ընտրության գործընթացը տապալվել է և Արցախի նախագահի պաշտոնը թափուր է մնացել, Գալստյանն արձագանքեց. «Ես իմ տեղը կարող եմ խոսել, իմ վրա նման սպառնալիք չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, նրանք ժամանակին ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ ամեն ինչ անելու են, որ մեր հայրենակիցներն ապրեն անվտանգ, 2021-ին նախընտրական ծրագիր էին ներկայացրել հասարակությանը՝ Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի վերաբերյալ, այսօր տեսնում ենք, որ նրանք ճիշտ հակառակն են անում»,-ասաց նա։

 

Դավիթ Գալստյանը պնդեց, որ ՀՀ իշխանությունները ինչ սպառնալիք էլ հնչեցնեն և ասեն, որ Հայաստանում առաջիկա բոլոր կորուստների և պարտությունների համար պատասխանատու կհռչակվեն արցախցիները, իրենք, միևնույն է, չեն գնա նրանց նշած ճանապարհով։

 

«Այսինքն՝ այն, ինչ ասում են ՀՀ իշխանությունները, չի բխում հայ ազգի շահերից։ Մենք որևէ կերպ չենք գնալու այն ճանապարհով, որը կփորձեն պարտադրել ՀՀ իշխանությունները»,-ասաց նա։