«Կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են»,-այսպես արձագանքեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների այն հարցին, թե ի՞նչ վեճ է տեղի ունեցել իր ու արդեն պաշտոնից, ոստիկանությունում ծառայությունից ազատված Արամ Հովհաննիսյանի միջև։
Հիշեցնենք, որ վեճի մասին գրել էր մամուլը։
«Երբ անձը որոշակի ժամանակաշրջան պաշտոն է զբաղեցնում, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության։ Այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում, գնահատել ենք, որ կադրային փոփոխությունն այդ պաշտոնի համար կարևոր կլինի»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով, տրամաբանությունը ոչ թե եղել է այն, ինչ-որ բան վատ է, չի գնահատվել կամ չի արժևորվել Ա. Հովհաննիսյանի աշխատանքը.
«Բնավ ոչ, հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատվածից հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին, նոր մեթոդներ ու մոտեցումներ ձևավորել։ Սա հերթական փոփոխությունը կարող ենք դիտարկել, ես գնահատում եմ պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, քանի որ կյանքի մեծ մասը նվիրել է ոստիկանության համակարգին, սա որևէ ձևով անձնավորված ընդունել չի կարելի։ Ասեմ նաև, որ բոլոր այն փաստարկները, մտքերը, որ տարածվում են մամուլում, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։
Նա նշեց, կադրային նման փոփոխություններ իրականացվում են փրկարար, միգրացիոն ծառայություններում, Միգրացիայի ծառայության պետն ունեցել է առաջխաղացում։
«Ես պարոն Հովհաննիսյանի աշխատանքը բարձր եմ գնահատում, ես սա նշել եմ թե իր հետ քննարկման շրջանակներում, թե նորանշանակ պետի ներկայացման ժամանակ»,-ասաց ՆԳ նախարարը։
Այդ դեպքում ինչո՞ւ Հովհաննիսյանը չներկայացավ ու չմասնակցեց ոստիկանության նորանշանակ պետի ներկայացմանը, հարցրեցին լրագրողները։
«Պարոն Հովհաննիսյանը պատշաճ կերպով ծանուցվել է, հրավիրվել է, բայց հարգելի պատճառով չի կարողացել ներկայանալ։ Մնացած հարցերը, կարծում եմ, կարող եք ուղղել պարոն Հովհաննիսյանին»,-պատասխանեց Արփինե Սարգսյանը։