Շատ մարդկանց մոտ դեռ բաց են մնացել շրջանառության հարկի նախորդ տարվա վերջին փոփոխությունները: «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիան» կազմակերպել էր հանդիպում՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը՝ շրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցության մասին, վարչարարության, այդ թվում՝ ստուգումներով պայմանավորված ռիսկերի և դրանով պայմանավորված բացասական հետևանքների մասին:
Հունվարի 1-ից ուժի մեջ էին մտել Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Կառավարությունը շրջանառության 5 տոկոս հարկը դարձրել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն 1 տոկոսը: Հիմնավորում են, որ այսպես ստվերն են կրճատում: Առևտրով զբաղվողները դեմ են այս փոփոխություններին: Բացի այդ, դրվում էր ապրանքը գույքագրելու պահանջ: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ով մասնակցում էր հանդիպմանը, ասաց, որ այս հարցն ունի քաղաքական, տնտեսական ու սոցիալական լուծում:
Սարգսյանի խոսքով՝ ՓՄՁ ոլորտում հարկային բեռն ավելացել է, որը երկրորդ եռամսյակում շատ ավելի ակնհայտ է լինելու, որն անվանել են հարկային բռնության կիրառում, քանի որ ահ ու սարսափի մեջ են պահում ՓՄՁ ոլորտին ու զարկ տալիս մոնոպոլիաների ընդլայնմանը: Սարգսյանի խոսքով՝ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների ստորագրահավաքը միայն բավարար չէ խնդիրը լուծելու համար, լուծումը հետևյալն է. դա կարող է ավելի կոշտ միջոցով՝ գործադուլների տեսքով, համատարած ընդհանուր ակցիաների տեսքով՝ շատ սեղմ ժամկետում խնդիրը լուծելու համար:
«Հարկային բռնություն են կիրառում ՓՄՁ ոլորտի նկատմամբ, քանի որ ահ ու սարսափի մեջ են պահում ու զարկ տալիս մոնոպոլիաների ընդլայնմանը»,-ասաց Նաիրի Սարգսյանը: