Երկրի ղեկավարը չուլանում է մեծացել, դրա համար ուր գնում է՝ աչքին էդ չուլանն է երեւում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գորիսի հոգևոր հովիվ Տեր Ահարոնը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որտեղ եկեղեցիները համեմատել էր չուլանի հետ, որտեղ ինչ անպետք իր ասես՝ կա։
«Դուք հիշո՞ւմ եք, որտեղից ինքը եկավ կառավարության շենք, իր տունը չուլան էր, ոնց որ գոմ լիներ։ Ինքն ուր գնում է, իր մտապատկերում այդ տունն է տեսնում, դրա համար էլ այդպես է արտահայտվել։
Ավելին ասեմ, ամուսիններով մի բնակարան են գնում, տերը դուրս է գալիս ասում է՝ էն հարևանին տես, կեղտոտ լվացք է անում, լվացք անել չգիտի։ Մի շաբաթ հետո կինն ամուսնուն ասում է՝ տես, ինչ լավ լվացք է արել, լվացք անել է սովորել։ Ամուսինն ասում է՝ պարզապես ես մի քիչ շուտ եմ արթնացել ու պատուհաններն եմ լվացել։ Հիմա ամեն մեկն իր պատուհանից է նայում։ Կարող է մեկը սատանայի ծառա է, ամեն տեղ դա է տեսնում։
Հիմա, որ կառավարության շենքում ապրում է, գուցե դա էլ է աչքին չուլա՞ն երեւում, որովհետեւ ինքն իր էությամբ չուլան է։ Ինքն իրեն է որակել։
Ով ինչ անի, իրեն կանի։ Չկա մեղք, որ հետեւանք չունենա։ Իրեն վերջում ուղարկելու են Կասպից ծով ձկներին կեր դառնալու։ Ինքը չգիտի՝ իր գլխին ինչ է գալու։
Իմաստուններն ասում են, երբ Աստված մեկին ուզում է պատժել, սկզբից խելքն է առնում։ Հիմա իր խելքն առել են։ Ավելին կասեմ. մարդուն իր գործերով են ճանաչում։ Այսքան երեխեքի գլուխ ուտելը, Արցախի մտածված հանձնումը։ Թող պատրաստվի, շուտով անգլիացիներն իրեն կուղարկեն դժոխք»,–ասաց նա։։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է այս իրավիճակում արձագանքի հոգեւոր դասը, Տեր Ահարոնն պատասխանեց. «Հոգեւոր դասն իր խոսքը ասեց, Գուգարաց թեմի առաջնորդը լավ պատասխանել է, բայց բաներ կան, որ պետք է թողնես Աստծո դատին։ Շատ չի ուշանալու Աստծո դատաստանը։ Ուղղակի պետք է խոստովանենք, որ էս հրեշը մեր ազգի հավաքական մեղքի ծնունդն է։ Հիմա ազգը գիտակցել է արդեն, արդեն ապաշխարանքի հոտ է գալիս։ Երբ ամբողջապես հասկանան, էս հրեշը կավարտվի։
Մարդիկ ինձ զանգում են, ասում են՝ սրբապիղծը եկավ պղծեց, գնաց։ Այնպես չի, որ նա մարդկանց ուղեղը լվանում է, մարդիկ էլ ուղեղները լվացած դուրս են գալիս։
Իրական Հայաստանը կարող է՝ իր աչքերով կառավարության շենքն է, մեր աչքերով մեր Արցախն է, Արևմտյան Հայաստանն է։ Էդքան սրբությունները տվել է թուրքին ու խոսում է եկեղեցո՞ւց։ Նա չունի եկեղեցուց խոսելու բարոյական իրավունք։
Ինքը չուլանում է մեծացել, ուր գնում է՝ աչքին էդ չուլանն է»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել էր եկեղեցուն, ասել էր, իբր, մեր եկեղեցիները չուլանացված են. «Ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել...»»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությունից հետո Սրբազան հայրերը արձագանքել էին նրան. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրինակ, նշել էր. «Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։