Հայրենիքս ինձ ընտանիք նվիրեց


Հայրենիքս ինձ ընտանիք նվիրեց
Մայիս 29 20:52 2025
Հետաքննող լրագրող Անի Հավհաննիսյանը ֆեյսբուքում գրել է․
 
 
Հայրենիքս ինձ ընտանիք նվիրեց
Սովորական առավոտ էր Գավառի մանկատանը: Մարգարիտան նայում էր երկնքին և երազում այն մասին, որ մեծանա և դառնա ուսուցչուհի: Հանկարծ արցունքներն անկառավարելիորեն գլորվեցին աչքերից,հիշեց փոքր եղբորը: Ո՞ւր է հիմա այդ հրաշք փոքրիկը, ում սրտի թրթիռով սպասում էր, ո՞ւր է մայրիկը… Մարգարիտան հիշում էր միայն այն, որ իր սիրելի հայրիկը մահացավ, այնուհետև ծնվեց փոքրիկ եղբայրը, բայց հետո մայրիկն էլ չկար, մեծերի խոսակցություններից հասկացել էր, որ մայրիկն էլ է մահացել…
Ընտանիքում մնացել էր միայն ծեր տատիկն,ինքն ու նորածին եղբայրը… Մարգարիտան 7 տարեկան էր, ամեն օր ինչ-որ հրաշքի էր սպասում, ամեն առավոտ արթնանում էր այն մտքով, որ երազ է, կարթնանա, կտեսնի մայրիկին, հայրիկին, եղբորը, սակայն օրերն անցնում էին ու Գավառի մանկատան պատերն էին ամեն առավոտ ողջունում Մարգարիտային:
՛՛Հագնվիր, Մարգարիտա ջան, քեզ սպասում են՛՛,- լսվեց մանկատան աշխատակցի ձայնը: Այն մտքից, որ ինչ-որ մեկն իրեն սպասում է, Մարգարիտան միանգամից երջանկացավ, արագ պատրաստվեց և գնաց աշխատակցի հետևից:
Մարգարիտային սպասում էր մի իտալացի ընտանիք և Անուշը. Փոքրիկը դեռ չգիտեր, որ այս մարդիկ հետագայում դառնալու էին իր ամենահարազատ հոգիները: Բոգի ընտանիքը երջանիկ ժպիտով դիմավորեց աղջնակին, ում համադրել էին այդ ընտանիքի հետ, նրանց երազանքը վերջապես իրականացել էր, նրանք այլևս աղջիկ ունեին:
Փոքրիկը դեռևս չէր հասկանում, թե ինչ է կատարվում, հոգին փոթորկվել էր. Գուցե նրա աղոթքները վերջապես տե՞ղ էին հասել, ու Աստված նրան մամա ու պապա է ուղարկել, երջանկությունն, անորոշությունն ու շփոթմունքը միախառնվել էին, Մարգարիտան չէր կարողանում հավատալ, որ գալու է այն օրը, երբ արթնանալու է մամայի համբույրից, Գավառի մանկատան սառը պատերն էլ մնալու են որպես հուշ:
Այդ ամառային առավոտը բեկում մտցրեց Մարգարիտայի կյանքում: Սկզբում նա դժվար էր պատկերացնում, թե ինչպես է թողնելու Գավառի սառը պատերով, բայց արդեն հարազատ դարձած մանկատունը և գնալու օտար երկիր, ինչպե՞ս է օտար մարդկանց համարելու մամա և պապա:
Տարիներ անց արդեն Մարգարիտան ամառային այդ օրը համարելու է իր կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ հենց այդ պահից դրվեց իր նոր ընտանիքի հիմքը:
՛՛Ես համարում եմ ինձ անչափ երջանիկ մարդ, շնորհակալ եմ հայրենիքիս, որն ինձ ընտանիք նվիրեց, որտեղ ինձ սիրեցին, իրականացրեցին իմ բոլոր երազանքներն ու նպատակները, տվեցին սեր ու ջերմություն, ազգանուն ու ապագա: Ես անչափ գնահատում եմ Անուշին, ով կազմակերպեց որդեգրման գործընթացը,մինչ օրս պահում եմ նրա հետ կապը, հրավիրել եմ հարսանիքիս, հույս ունեմ՝ կկարողանա գալ, նա շատ կարևոր մարդ է իմ կյանքում՛՛,- այսօր արդեն պատմում է Մարգարիտան, ով հոր շնորհիվ շփում ունի նաև Հայաստանի հետ:
՛՛Ես երախտապարտ եմ հորս, ով օգնեց ինձ կապ պահել Հայաստանի հետ, դա իմ երազանքներից մեկն էր: Ընտանիքիս շնորհիվ իրականացավ նաև իմ մյուս երազանքը՝ այժմ սովորում եմ մանկավարժական գիտությունների բաժնում, շուտով ընտանիք եմ կազմելու սիրածս տղամարդու հետ: Ես շնորհակալ եմ Հայաստանին այն ամենի համար, ինչ ունեմ այսօր Իտալիայում, ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի կյանք կունենայի, եթե չորդեգրվեի Իտալիայում և մնայի Գավառի մանկատանը՛՛,- պատմում է Մարգարիտան՝ նշելով, սակայն, որ շատ է վրդովվել , երբ մամուլում կարդացել է Իտալիա որդեգրված երեխաների մասին տարածվող նյութերը.
՛՛Հոգեկան աշխարհս տակնուվրա եղավ, երբ պատահաբար կարդացի այն մասին, թե իբր Հայաստանից Իտալիա երեխաներ են վաճառվել որդեգրությունների միջոցով: Այսինքն, ինչպե՞ս կարող էր որևէ մեկի մտքով անցնել, որ իմ չքնաղ ծնողները կարող էին ինձ գնել կամ Հայաստանում մանկատան երեխաներիս այդքան սեր, ջերմություն և հոգատարություն տված մարդիկ մեզ վաճառած լինեին: Դա աբսուրդ էր: Ես ցավ ապրեցի, քանի որ այդ մարդիկ պատկերացում չունեն անգամ, թե ինչ է նշանակում կորցնել ընտանիքը, հետո ինչ-որ հրաշքով նորից ընտանիք ունենալ, որն ամեն գնով փայփայում ես, ի՞նչ է նշանակում ծնվել երկրորդ անգամ, գտնել ծնողների, ովքեր ողողում են քեզ սիրով ու ջերմությամբ, անմնացորդ նվիրվում և այդ բացառիկ մարդկանց վերագրել նման մեղադրանքներ:
Ես վիրավորված էի շատ, սակայն չեմ նույնականացնում այդ տեղեկությունները տարածողներին հայրենիքիս հետ, ես էլի շնորհակալ եմ Հայաստանին, մանկատանը, բոլոր կառույցներին, Անուշին, ովքեր ինձ ապրելու ուժ և շանս նվիրեցից՛՛:
Մարգարիտան այժմ պատրաստվում է իր հարսանիքին, որից հետո նպատակ ունի այցելել Հայաստան՝ հայրենիք, որն իրեն նվիրեց ընտանիք…
Պատմությունը գրել եմ Մարգարիտա Բոգիի խոսքերից...