«Առաջարկվող կարգավորումներով՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով»,-կառավարության նսիոտւմ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունը կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Նախարարաը տեղեկացրեց, որ նախագծով փոփոխություններ են արվել նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում՝ 55-ից հասցնելով 65-ի:
«Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,-հայտնեց նախարարը:
«Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ»,-արձագանքեց. Փաշինյան և հավելեց. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»: