Եթե աշխարհաքաղաքական որևէ կենտրոն տեսնի, որ Սյունիքում գործընթացը գնում է իր համար ոչ նախընտրելի ուղղությամբ, միգուցե, հրահրումներ կազմակերպվեն. Աբրահամյան


Եթե աշխարհաքաղաքական որևէ կենտրոն տեսնի, որ Սյունիքում գործընթացը գնում է իր համար ոչ նախընտրելի ուղղությամբ, միգուցե, հրահրումներ կազմակերպվեն. Աբրահամյան
Մայիս 29 11:58 2025

Սյունիքում ստեղծված իրավիճակը բացարձակապես պայմանավորված չէ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններով կամ դրանց հնարավոր կարգավորմամբ. լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Նա նկատեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացում երկու ուշագրավ հայտարարություն է եղել․ նախ ԱՄՆ պետքարտուղարի կողմից, որ գործընթաց է գնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց լարվածությունը պահպանվում է, և երկրորդը՝ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը, որում կոնկրետ ասվեց, որ Սյունիքի շուրջ կա լարված իրավիճակ։

 

Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ վերջին երկու, երեք ամիսներին հասարակությունն ականատես է լինում տարբեր երկրներից լավատեսորեն կամ մոտալուտ հանգուցալուծումներով հայտարարությունների և մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրավիճակը գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։  

 

«Բայց դրան զուգահեռ, երկրորդ ամիսն է, որ առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանի կողմից կա միտումնավոր և համակարգված խախտումների շարք։ Դրանք հատկապես առավել վտանգավոր բնույթ ունեն Սյունքի Խոզնավարի և Խնածախի ուղղությամբ, որոնք պատահական կրակոցներ չեն։ Նշանառության տակ են առանձնատները»,-ասաց պատգամավորը և նշեց, որ ՀՀ իշխանությունները ստիպված եղան, ի վերջո, դրա մասին զգուշավոր տեղեկացնել։

 

Աբրահամյանը նշեց, որ, ի տարբերություն ՀՀ-ի խաղաղության մասին հայտարարությունների, Ադրբեջանում ավելի ու ավելի ինստիտուցիոնալ կերպով են խոսում «արևելյան Ադրբեջան»-ի մասին, իրենց հոգևոր առաջնորդն է ագրեսիվ հարձակումներ սկսել Մայր Աթոռի վրա։  

 

«Ադրբեջանն ինստիտուցիոնալ առումով հիմք է դնում ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունները ծանրակշիռ դիրքում պահելու համար, իսկ ՀՀ իշխանությունները հնարավորություն չունեն հակազդելու այն մարտահրավերներին, որոնք առկա են»,-ասաց նա։

 

Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ Սյունիքը կոմունիկացիոն ուղի է դիտարկվում։ Այստեղ յուրաքանչյուր դերակատար ունի իր պլանները և ուզում է վերահսկելի դարձնել Սյունքիը․

 

«Հիմա այս իրավիճակում, եթե աշխարհաքաղաքական որևէ կենտրոն, կամ միգուցե մի քանի դերակատարներ տեսնեն, որ գործընթացը գնում է իրենց համար ոչ նախընտրելի ուղղությամբ, միգուցե, նաև փորձեն հրահրումներ կազմակերպել։ Դրա համար արտաքին գործոնն այստեղ կա, և անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունը պատկերացնում է կամ չի պատկերացնում, գիտակցված կամ չգիտակցված հայտարարություններ է անում, ամեն դեպքում, լարվածությունը կա, մանավանդ, որ այս տեսակի և այս քաղաքականությամբ կառավարիչներ են ՀՀ-ում»։