Խոշոր ավտովթար․ բախվել են «ՎԱԶ 2107»-ը ու «Mitsubishi»-ն, ․ բոլոր 7 վիրավորները երեխաներ են


Խոշոր ավտովթար․ բախվել են «ՎԱԶ 2107»-ը ու «Mitsubishi»-ն, ․ բոլոր 7 վիրավորները երեխաներ են
Մայիս 28 19:10 2025

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Արամյանը և Շողիկ Կիրակոսյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։