Շատ փորձեր են եղել՝ ծնկի բերելու եկեղեցին, բայց եկեղեցին երբեք ծնկի չի իջել մարդու առջև. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան


Շատ փորձեր են եղել՝ ծնկի բերելու եկեղեցին, բայց եկեղեցին երբեք ծնկի չի իջել մարդու առջև. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Մայիս 28 18:16 2025

Հոգևոր դասն այսօր՝ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առիթով, կրկին երկրի բարձրագույն ղեկավարությունից առանձին է բարձրացել Սարդարապատի հուշահամալիր։

«Հրավերի չէիք էլ սպասում»,- լրագրողներին ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազանն ասաց, որ եկեղեցի-իշխանություն հարաբերությունները նույն փուլում են, «հարաբերություններն այնքանով են, ինչ-որ աշխատանքային հարաբերություններ կարող են լինել»։  

Հարցին՝ Վեհափառը չի մասնակցում պետակաn արարողակարգերին, հրավեր չի՞ ստանում, թե՞ չի ցանկանում մասնակցել, Սրբազանն ասաց. «Եթե չի մասնակցում, ուրեմն պատճառներ կան»։

Հարցին՝  եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց. «Եկեղեցին իր կարծիքը երբևէ չի փոխել, ուրեմն ինչո՞ւ եք ամեն անգամ նույն հարցը տալիս»։

Սրբազանն ասաց, որ եկեղեցին միշտ համախմբող դեր ունի, դրա համար եկեղեցին  երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, քանի որ դա  կուսակցական գործ է. «Եկեղեցին մշտապես եղել է  վերկուսակացական, մնում է ամբողջ մեր ազգի համար, մեր բոլոր զավակաների համար՝ անկախ իրենց կուսակցական, գաղափարական պատկանելիության։ Եկեղեցին մշտապես ջանք է դնում, որպեսզի  մեր ազգը միավորված, միահամուռ լինի»։

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով, պատմության ընթացքում շատ փորձեր են եղել ծնկի բերելու հոգևոր դասին, բայց երբեք ծնկի չի իջել. «Բյուզանդական կայսրություն, պարսկական, թե մոնղոլ-թաթար, ... բոլորն էլ ցանկություն ունեցել են, բայց երբեք ծունկի չի իջել։

Երբեք եկեղեցին ծունկի չի իջնի մարդու առջև։ Հիշեք՝ Վազգեն Կաթողիկոսը մի շատ լավ խոսք ուներ՝ եթե դու չես ուզում ծունկի իջնել Աստծո առաջ, ստիպված կլինես մարդու առաջ ծունկի իջնել»։

Նշենք, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում չէ։ Գարեգին Երկրորդը Բեռնում է, որտեղ  Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։